Դեռահասը սառը զենքով սպանել է մեկ այլ դեռահասի

Թբիլիսիի Լոտկինի թաղամասում սպանություն է տեղի ունեցել։

Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ դեռահասը սառը զենքով հարվածել է մեկ այլ դեռահասի։

Ավելի ուշ պարզվել է, որ սպանվածն անչափահաս Դավիթ Նարիմանիձեն է։ Նա մահացել է դեպքի վայրում։

Ոստիկանությունը սեպտեմբերի 10-ին դիտավորյալ սպանության մեղադրանքով ձերբակալել է 17-ամյա դեռահասի։ Նրան սպառնում է մինչև 15 տարի ազատազրկում։

«Փոխադարձ վիճաբանության հողի վրա, սառը զենքի գործադրմամբ նա մի քանի վերք է հասցրել անչափահասին և դեպքի վայրից դիմել փախուստի»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Դավիթ Նարիմանիձեն մինչև 10-րդ դասարանը սովորել է Թբիլիսիի թիվ 23 հանրային դպրոցում։

«Նա աչքի էր ընկնում իր բարեվարքությամբ, ազնվությամբ, քաղաքավարությամբ և լավագույն հատկանիշներով։ Ցավակցում ենք Դավիթի ընտանիքի անդամներին, հարազատներին, ուսուցիչներին և ընկերներին այս մեծագույն և ծանր կորստի կապակցությամբ»,- այսպես են արձագանքել դպրոցից։

Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սպանությունը տեղի է ունեցել Լոտկինում գտնվող սննդի կետերից մեկի մոտ։