«Վրացական երազանք»-ի մեծամասնությունը խորհրդարանում արագացված կարգով պետք է քննարկեր օրենսդրական փաթեթ, որը վերաբերում էր նախկին թիմակից Մամուկա Մդինարաձեի նախկին, վերջին գործող կամ սպասվելիք պաշտոններին։
Սակայն պլանները փոխվեցին․ Պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) նախկին ղեկավարը, որ հետագայում ժամանակավոր նշանակվել էր Տարածքային զարգացման նախարար, օգոստոսի 27-ին հրաժարվեց թե՛ պաշտոնից, թե՛ քաղաքականությունից։
Խորհրդարանում գրանցված օրենսդրական փաթեթով նախատեսվում էր հետևյալը․
Պետք է չեղարկվեր Տարածքային զարգացման նախարարությունը (նախարարի պաշտոնը Մդինարաձեն զբաղեցնում էր հուլիսի 29-ից օգոստոսի 27-ը);
Պետք է չեղարկվեր իրավապահ մարմինների կոորդինացման հարցերով Վրաստանի պետական նախարարի պաշտոնը։ Մդինարաձեն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2026 թվականի ապրիլի 30-ից 2026 թվականի հուլիսի 29-ը);
Պետք է ստեղծվեր Տարածքային քաղաքականության հարցերով Վրաստանի պետական նախարարի պաշտոնը (կրկին այդ պաշտոնը պետք է զբաղեցներ Մամուկա Մդինարաձեն)։
Մդինարաձեի քաղաքականությունից հեռանալուց հետո, նրան փոխարինող գտնելու փոխարեն, որոշվեց, որ պետական նախարարի նոր պաշտոնն ընդհանրապես չի ստեղծվի․ իսկ Տարածքային զարգացման նախարարությունը կրկին կմիավորվի իր հին՝ Ենթակառուցվածքների նախարարության հետ, և միավորված նախարարությունը, հավանաբար, կրկին կգլխավորի Ենթակառուցվածքների գործող նախարարը։
«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում այս հարցին անդրադարձավ նաև «Ժողովրդավարության հետազոտական ինստիտուտի» (DRI) հիմնադիր, Վրաստանի նախկին հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլին։
«Բավականին լուրջ ճգնաժամ է, մանավանդ որ Մդինարաձեի նախարարությունն էլ չեղարկեցին, իսկ նորը, որ պատրաստվում էին ստեղծել բոլորովին վերջերս, դա էլ այլևս չեն պատրաստվում ստեղծել։ Այս խումբն այնքան է վնասել Վրաստանի հեղինակությանն ու ապագային, որ նրանց պատասխանատվության ենթարկելն էլ բացառված չէ․ սկզբում Մդինարաձեին, իսկ հաջորդ փուլում՝ Կոբախիձեին։ Նրանց վարած քաղաքականությունը երկիրը հասցրեց լիակատար մեկուսացման, որպիսին չի եղել Խորհրդային շրջանից ի վեր»,-ասաց նախկին հանրային պաշտպանը։
«Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր կուսակցությունից, որն աշխատում է խորհրդարանում, «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ իշխող կուսակցությունը պետական գերատեսչություններն ու պաշտոններն օգտագործում է միայն սեփական նպատակների համար։
Դրանից բացի, «Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բանտից ուղարկած իր նամակում նշել է, որ Մդինարաձեի կարիերան զոհաբերվեց նրա արած գործին։
Օգոստոսի սկզբին խորհրդարանում գրանցված և արդեն հետ կանչված օրենսդրական փաթեթի պարզաբանման մեջ Մամուկա Մդինարաձեն, բնականաբար, հիշատակված չէր, սակայն բազմիցս ընդգծված էր նոր պաշտոնի ստեղծման կարևորությունը՝ տարածաշրջանների և ամբողջ պետության համար։
«Օրենսդրական փաթեթում ընդգրկված օրինագծերի ընդունմամբ կապահովվի պետական կառավարման կարևորագույն ուղղության՝ միասնական տարածքային քաղաքականության հզորացումը, արդյունքների վրա հիմնված տարածքային զարգացման ռազմավարական տեսլականների ձևավորումը, բարելավված կոորդինացումը տարածքային կառավարման հարցերում և տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումը»,- կարդում ենք պարզաբանման մեջ։
«Փոփոխության նպատակն է պետական կառավարման կարևորագույն ուղղության՝ տարածքային կառավարման արդյունավետության բարձրացումը»։
«Տվյալ բարեփոխումը կօգնի այլ նախարարությունների տարածաշրջանային ծրագրերն իրականացնել կոորդինացված կերպով, նաև կբարձրացնի տարածաշրջանային ծրագրերի ռազմավարական պլանավորման որակը և կապահովի դրանց հետ կապված որոշումների ավելի ժամանակին ընդունումը»։
«Տարածքային քաղաքականության հարցերով Վրաստանի պետական նախարարի պաշտոնի ներդրումը, որը միաժամանակ կկատարի փոխվարչապետի պարտականությունները, էապես կբարձրացնի կոորդինացման որակը տարբեր գերատեսչությունների միջև»։
Օգոստոսի 31-ին խորհրդարանի նիստում ասվեց, որ կառավարությունն այժմ աշխատում է «այլ մոդելի» վրա, որը խորհրդարանին կներկայացվի մոտ ապագայում։ Նախնական տեղեկություններով՝ Տարածքային զարգացման նախարարությունն այլևս չի չեղարկվի և կմիանա Ենթակառուցվածքների նախարարությանը։
«Մամուկա Մդինարաձեի անձնական հնարավորություններից ելնելով էր մտահղացված»,- լրագրողներին ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և պարզաբանել, որ այժմ Տարածքային քաղաքականության հարցերով Վրաստանի պետական նախարարի պաշտոնի ստեղծումն այլևս արդիական չէ։
«Կառավարությունը քաղաքական թիմ է, և քաղաքական թիմում կարևոր են քաղաքական գործիչները, որոնք ունեն որոշակի գործունեություն իրականացնելու ռեսուրս։ Որպեսզի կարգավորես հարաբերությունները տարբեր նախարարությունների կամ կառույցների միջև, բնականաբար, պետք է նաև քաղաքական փորձ, քաղաքական ռեսուրս, որը Մամուկա Մդինարաձեն ուներ բացառիկ կերպով այս առումով»,- հայտարարել է Պապուաշվիլին։
Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունը երկու մասի բաժանվեց 2025 թվականի ապրիլին։
2025 թվականի ապրիլի 2-ին Տարածքային զարգացման նախարարի պաշտոնում Իրակլի Կոբախիձեն ներկայացրեց ՊԱԾ-ի նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին, որն այժմ կալանավորված է առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար․
Ապրիլի 4-ին Կոբախիձեն հայտարարեց, որ «տարբերվող մոտեցումների» պատճառով Լիլուաշվիլին այլևս չի զբաղեցնի նախարարի աթոռը։
2025 թվականի հոկտեմբերին Լիլուաշվիլիի տունը խուզարկեցին, դեկտեմբերին նրան ձերբակալեցին։
Դրանից հետո նախարարությունները մնացել էին այդպես առանձին-առանձին։
Հուլիսի 29-ին Տարածքային զարգացման նախարարի պաշտոնում Իրակլի Կոբախիձեն նշանակեց Մամուկա Մդինարաձեին՝ խոստանալով, որ «սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում» նրա համար նոր պաշտոն կստեղծվի, իսկ նախարարությունը կչեղարկվի։ Այս պլանի իրագործումն այդպես էլ չհասցրին անել։ Օգոստոսի 27-ին Մդինարաձեն հրաժարական տվեց։
«Այս մարդիկ այսպես են վերաբերվում պետությանը․․․ Նրանց բոլոր որոշումները հիմնված են մեկ միասնական մոտիվացիայի վրա՝ իշխանության պահպանում։ Ինչը օգտակար կլինի պետությանը, ինչը օգտակար կլինի ժողովրդին, ինչը ավելի լավ կլինի, որքանով արդյունավետ կլինի՝ սա երկրորդական է «Երազանք»-ի համար․․․ Անամոթ դեմքերով նրանք կարող են մեկ օրում արմատապես փոխել որոշումը և նորից ձեզ ապացուցել, որ այն, ինչ երեկ առաջնահերթություն էր և առանց որի, իբր, չէր կարելի, այսօր առանց դրա էլ է հնարավոր»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է «Վրացական երազանք»-ի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ընդդիմադիր «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավոր Գիորգի Շարաշիձեն։ Նա «մեծ անպատասխանատվություն» է տեսնում գործընթացներում, ինչը սկզբում կապված էր տարածքային նախարարության կադրային տեղաշարժերի, դրա չեղարկման և նոր պաշտոնների ստեղծման պլանների, իսկ հետո այդ պլանների փոփոխության հետ։
Մշակույթի և սպորտի նախարարությունները բաժանվեցին 2025 թվականի հունվարին։ Թինաթին Ռուխաձեն, որ 2026 թվականի հուլիսի վերջին պաշտոնը թողեց Ֆեյսբուքյան գրառմամբ, Սպորտից առանձնացված Մշակույթի նախարարության առաջին ղեկավարն էր։
«Ինձ անհրաժեշտ կլինի բուժման հատուկ կուրս անցնել, ինչի պատճառով չեմ կարողանա լիարժեքորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները։ Մշակույթն այնպիսի ոլորտ է, որն առանձնահատուկ ուշադրություն և հոգատարություն է պահանջում։ Ցավում եմ, որ ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս ինձ պատշաճ ժամանակ տրամադրել ինձ համար ամենաթանկ գործին»,- գրել էր Թինաթին Ռուխաձեն հրաժարականի մասին հայտարարության մեջ։
Սեպտեմբերի 1-ին, խորհրդարանի աշնանային նստաշրջանի առաջին նիստին, նախկին թիմակիցներից Մամուկա Մդինարաձեին հիշատակեց միայն Արչիլ Բերիձեն և շնորհակալություն հայտնեց «արժանապատիվ հետք» թողնելու համար՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանությունում։ Քաղաքական հայտարարությունների ելույթներում Բերիձեն թիմակիցների շարքում վեցերորդն էր։ Ո՛չ դրանից առաջ, ո՛չ դրանից հետո նիստին Մդինարաձեին այլևս ոչ ոք չհիշատակեց։
«Առանց նրա դժվար կլինի աշխատել»,- «Բաթումի» անսամբլի նախկին մենակատար Արչիլ Բերիձեն նիստում ասաց, որ Մդինարաձեն «բարձր մակարդակի պրոֆեսիոնալ» էր, «անգերազանցելի մենեջեր», «սկզբունքային» և «թիմին նվիրված մարդ»։
Մամուկա Մդինարաձեն խորհրդարանում անցկացրել է 9 տարի։ 2016 թվականից հետո «Վրացական երազանք»-ի թիմում բոլոր գումարումների խորհրդարանների պատգամավոր է եղել՝ սկզբում մեծամասնական, իսկ հաջորդ երկու ընտրություններում «Վրացական երազանք»-ը նրան ներկայացրել է կուսակցական ցուցակի 5-րդ համարով։ Հիմնականում եղել է «Վրացական երազանք» խմբակցության նախագահը և մեծամասնության առաջնորդը։ Որոշակի ժամանակաշրջան աշխատել է նաև որպես խորհրդարանի նախագահի տեղակալ։
Թիմակիցների մի մասը, Մդինարաձեի հեռանալուց հետո, նրան ֆեյսբուքյան գրառումներով շնորհակալություն էր հայտնում․ գովում, շնորհակալական խոսքեր էին հղում նաև լրատվամիջոցների հետ զրույցներում։ Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին օգոստոսի 31-ին բյուրոյի նիստում շնորհակալություն հայտնեց Մդինարաձեին «տարիների ընթացքում խորհրդարանում ծավալած գործունեության համար» և կառավարությունում «կարևոր ավանդի համար»։ Նրա հեռանալը ցավալի անվանեց և հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ։
Սեպտեմբերի 1-ին, օրվա վերջում, կալանավորված նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի բանտում գրված հերթական նամակը հրապարակվեց։ Այս անգամ նա գրել է, թե Մամուկա Մդինարաձեի կարիերան զոհաբերվեց նրա արած գործին։
«Մամուկա Մդինարաձեն այս գործում այնքան ծանր ու կոպիտ սխալներ թույլ տվեց, որ դա պատճառ դարձավ ոչ միայն նրա պաշտոնանկության, այլև քաղաքականությունից հեռանալուն»,- Ղարիբաշվիլին այս անգամ, Մդինարաձեի հետ մեկտեղ, Կոբախիձեին նույնպես ծանր մեղադրանքներ է առաջադրում․
«Մդինարաձեին քաղաքականությունից հեռացնելը չի կարող ջնջել նրա և Իրակլի Կոբախիձեի մասնակցությամբ երկրին, մարդկանց և «Վրացական երազանք»-ին հասցված ամենածանր և անդառնալի վնասը»։
Մինչ այդ, Ղարիբաշվիլին իր նամակներում նշել էր, որ իր վրա ճնշում էր գործադրում Մդինարաձեն՝ «Բիձինա Իվանիշվիլիի հանձնարարությամբ», երբ իրենից պահանջում էին կոռուպցիոն մեղքի ընդունում՝ որպես քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու երաշխիք։
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը ենթադրում է, որ ի վերջո Մամուկա Մդինարաձեն կարժանանա Գրիգոլ Լիլուաշվիլիի ճակատագրին և վաղ թե ուշ պատասխան կտա նաև իրենց թիմակից պատգամավոր Գիգա Ֆարուլավայի նկատմամբ «Երազանք»-ի պատգամավորների խմբակային բռնությունը խրախուսելու համար։
Գախարիայի թիմում վստահ են, որ 2026 թվականի հունիսի 26-ին խորհրդարանի նիստում ֆիզիկական հաշվեհարդարը սկսվեց հենց Մամուկա Մդինարաձեի «պատվերով»։ Խորհրդարանում այդ օրը լսում էին վարչապետին։ Դահլիճում նստած էր նաև Մդինարաձեն։ Նա այդ ժամանակ դեռ Իրավապահ մարմինների կարգավորման հարցերով պետական նախարարն էր։ Թիմակիցներին նա լիովին արդարացրեց և բացառեց քննության սկսումը։
«Ես էլ եմ համամիտ, իմ շատ մտերիմ ընկերներն են, որ մասնակցում էին այդ ցավալի միջադեպին։ Ստանձնում եմ ես էլ ընկերաբար էլ, բարոյապես էլ, քաղաքականապես էլ, թիմայնորեն էլ ողջ պատասխանատվությունը։ Ինչ վերաբերում է իրավական պատասխանատվությանը, ինչքան էլ ուզենաք, չի կարող նման բան լինել»,- հայտարարեց Մամուկա Մդինարաձեն Գիգա Ֆարուլավային ծեծելու փաստի հետ կապված, հուլիսի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ։ «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության պատգամավորներին նա մեղադրեց սադրանքի համար․ ասաց, որ ծեծկռտուքի շարժառիթը Գիգա Ֆարուլավայի հայհոյանքն էր։