Օրագիր Տարտուից․ ինչպես սկսվեց իմ փոխանակման ճանապարհը

Ես Տաթևն եմ. բացի «Ալիք»-ում անցած իմ երկար ճանապարհից, ԹՊՀ-ում սովորում եմ միջազգային իրավունք։ Այս ուսումնական տարին՝ 2026-2027 թվականը, անցկացնում եմ Էստոնիայում՝ Տարտուի համալսարանում, որտեղ ուսանում եմ փոխանակման ծրագրով։

Միաժամանակ ստաժավորում եմ անցնում ԹՊՀ -ում` մարդու իրավունքների միջազգային իրավունքի ուղղությամբ։ Այս օրագրում ուզում եմ պատմել ոչ միայն Տարտուում ուսանելու իմ առօրյայի, այլև այն ճանապարհի մասին, որը ինձ հասցրեց այստեղ՝ հայտադիմումից ու լեզվի քննությունից մինչև հարցազրույց, ընդունելություն և համալսարանում առաջին ուսումնական շաբաթ։

Գուցե փոխանակման ծրագիրն առաջին հայացքից թվում է պարզապես հայտ լրացնել, սպասել պատասխանի և դասավորել ճամպրուկը։ Իրականում ճանապարհն ավելի երկար է, և ամեն փուլում կան մանրուքներ, որոնք կարող են վճռորոշ լինել։

Ինչպես եմ դիմել, ինչ է անհրաժեշտ

Փոխանակման ծրագրի հայտը լրացրել եմ նախորդ կիսամյակում։ Դիմելու գործընթացի հիմնական մասը մոտիվացիոն նամակն էր, CV-ն և անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերջիններիս ցանկը, սակայն, բոլոր համալսարանների դեպքում նույնը չէ․ կոնկրետ պահանջները կախված են ընդունող համալսարանից և ծրագրից։

Առանձին ուշադրության է արժանի օտար լեզվի իմացությունը։ Եթե համալսարանը ուսուցումն իրականացնում է անգլերենով և պահանջում է լեզվի միջազգային սերտիֆիկատ, անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան փաստաթուղթ։ Նույնը վերաբերում է նաև այն ծրագրերին, որոնց ուսուցման լեզուն, օրինակ, գերմաներենն է կամ ֆրանսերենը։

Տարտուի համալսարան դիմելու իմ դեպքում իրավիճակը մի փոքր այլ էր։ Տարտուի պետական համալսարանում փոխանակման ծրագրին դիմելու համար անհրաժեշտ նախապայմաններից մեկը լեզվի քննությունն էր։ Իմ դեպքում՝ անգլերենի B2 մակարդակի քննությունը։

Այսինքն՝ մինչև հարցազրույցին հասնելը նախ պետք էր հաղթահարել այդ փուլը։ Եվ այստեղ առաջին անգամ իսկապես զգում ես, որ «ուզում եմ մեկ կիսամյակ կամ մեկ տարի սովորել արտերկրում» գաղափարը կամաց-կամաց վերածվում է իրական գործընթացի։

Փոխանակման ծրագրի մեկ այլ կարևոր փուլ է ուսումնական պայմանագիրը, որտեղ նախապես նշում ես այն առարկաները, որոնք ցանկանում ես ուսումնասիրել ընդունող համալսարանում։

Իհարկե, ընտրությունը վերջնական չէ․ համալսարան հասնելուց հետո որոշ առարկաներ կարող են փոխվել։ Բայց նախապես պետք է կազմել ուսումնական պլանը և ապահովել անհրաժեշտ կրեդիտների քանակը։

Տարտուի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեպքում պահանջվում էր նախապես ապահովել 20 կրեդիտ։

Սա այն փուլերից է, որտեղ արդեն սկսում ես մտածել ոչ միայն «որտե՞ղ եմ ուզում գնալ», այլ նաև՝ «ի՞նչ եմ ուզում սովորել այնտեղ»։

Հայտադիմումը լրացնելուց և նախնական փուլը հաղթահարելուց հետո հաջորդ քայլը հարցազրույցն էր։

Իմ դեպքում հարցազրույցն անգլերեն էր։ Խոսեցինք իմ մոտիվացիայի, փոխանակման ծրագրին մասնակցելու պատճառների և ակնկալիքների մասին։ Բացի դրանից, քանի որ հարցազրույցը վարողներից մեկը իրավաբանական ֆակուլտետի դասախոս էր, եղան նաև մասնագիտական հարցեր։

Այստեղ արդեն պարզապես լեզվի իմացությունը բավարար չէր։ Պետք էր կարողանալ մի քանի րոպեի ընթացքում ներկայացնել ինքդ քեզ, բացատրել՝ ինչու ես ուզում մասնակցել ծրագրին, և ցույց տալ, որ հասկանում ես՝ ինչու է հենց այս համալսարանն ու այս կրթական միջավայրն օգտակար քո մասնագիտական ճանապարհի համար։

Ու հենց այդ պահից փոխանակման ծրագիրը սկսում է այլ կերպ ընկալվել։ Սա այլևս պարզապես արտերկրում սովորելու հնարավորություն չէ։ Սա հնարավորություն է փորձելու քեզ նոր միջավայրում՝ մասնագիտական, ակադեմիական և, իհարկե, նաև անձնական առումով։

Իսկ թե ինչ եղավ հետո, ինչպես ստացա ընդունելության պատասխանը, ինչ փուլերով անցա մինչև Տարտու հասնելը, և ինչպիսին էր համալսարանում իմ առաջին շաբաթը, կպատմեմ հաջորդ գրառումներում։

Հարցազրույցից հետո երկար սպասելու ժամանակ չեղավ․ հաղթող մասնակիցների հետ կապվում են բավական արագ։ Այդ պահից սկսվում է արդեն հաջորդ փուլը՝ մեկ ուսումնական կիսամյակ արտերկրում ապրելու և սովորելու նախապատրաստությունը։

Քանի որ ես Վրաստանի քաղաքացի եմ, իսկ Շենգենյան գոտում առանց վիզայի կարող եմ գտնվել մինչև 90 օր, մեկ կիսամյակի համար անհրաժեշտ էր նաև վիզա ստանալ։ Գործընթացը, ինչպես և սպասվում էր, ներառում էր դեսպանատուն այցելելու համար գրանցվելը, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելը և սպասելը։ Բարեբախտաբար, վիզան սովորաբար պատրաստ է լինում մոտ երկու շաբաթում։

Դեպի Էստոնիա ուղիղ չվերթ չկա, ուստի Տարտու հասնելու ճանապարհն իմ դեպքում մեկ օրից ավելի տևեց։ Բայց երկար ճանապարհից հետո առաջին զգացողությունը բավական պարզ էր՝ վերջապես այստեղ եմ։

Տարտու՝ ուսանողական քաղաք

Այսօր ապրում եմ համալսարանի կամպուսում (ուսանողական թաղամաս)։ Այստեղ ամեն ինչ ժամանակակից է, հարմարավետ և շատ գեղեցիկ կահավորված՝ ուսանողի առօրյայի համար անհրաժեշտ գրեթե բոլոր պայմաններով։

Իսկ ինքը՝ Տարտուն, առաջին իսկ օրերից ինձ համար դարձավ շատ հանգիստ ու խաղաղ քաղաք։ Անվտանգության զգացողությունն այստեղ շատ բնական է, իսկ քաղաքի մթնոլորտը՝ թեթև։ Էստոնացիներն էլ Տարտուն հաճախ անվանում են ուսանողական քաղաք, և այստեղ ապրելուց հետո այդ բնորոշումը շատ հասկանալի է դառնում․ ուսանողներն իսկապես քաղաքի կյանքի կարևոր մասն են։

Բայց ինձ համար ամենահետաքրքիրն, իհարկե, համալսարանն էր։

Ինչու Տարտուի համալսարանը

Առաջին իսկ րոպեից ոգևորված էի այն մտքից, որ սովորելու էի Տարտուի համալսարանում։ Պատճառը միայն համալսարանի հեղինակությունը չէր։

Տարտուի համալսարանի պատմության հետ կապված են նաև հայերի անուններ։ Այստեղ սովորել են Խաչատուր Աբովյանը՝ Դորպատի համալսարանի առաջին հայ ուսանողը, Միքայել Նալբանդյանը, Ստեփանոս Նազարյանցը և այլ հայ մտավորականներ։

1632 թվականին հիմնադրված համալսարանը Էստոնիայի ազգային համալսարանն է և Հյուսիսային Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկը։ Ավելի քան 400 տարվա պատմությունը այստեղ պարզապես տարեթիվ չէ․ դա զգացվում է համալսարանի շենքերում, թանգարանում, հսկայական գրադարանում և ընդհանրապես համալսարանական միջավայրում։

Ինձ հատկապես հետաքրքրեց մի փոքրիկ պատմական դետալ․ համալսարանի վերջին հարկում պահպանվել է, այսպես կոչված, պատժի սենյակը, որտեղ նախկինում կարգը խախտած ուսանողներին էին ուղարկում։

Իսկ համալսարանի բացման արարողությունն արդեն ժամանակակից Տարտուի մասին էր։ Ուսանողների համար ստեղծված էր շատ ջերմ մթնոլորտ, իսկ միջոցառման ընթացքում ելույթ ունեցան նաև Էստոնիայի «Եվրատեսիլ»-ի պատվիրակները։

Առաջին դասը, առաջին շաբաթ

Առաջին դասս «Միջազգային արբիտրաժ»-ն էր՝ մի ոլորտ, որն ինձ մասնագիտորեն հետաքրքրում է։ Դասի ձևաչափը, միջավայրը և ուսուցման մեթոդը միանգամից ինձ գրավեցին։

Եթե ասեմ, որ առաջին իսկ օրից ինձ այստեղ օտար չեմ զգացել, գուցե նույնիսկ քիչ ասած կլինեմ։ Նույն զգացողությունն ունեի նաև առաջին դասի ժամանակ․ պարզապես ինձ զգում էի իմ տեղում։

Առաջին շաբաթվա ընթացքում նույնը զգացի նաև մյուս առարկաների դեպքում։ Ուսուցման մեթոդը այստեղ ինձ համար միաժամանակ ժամանակակից, գործնական և հարմար է։ Դասերը միայն լսելու մասին չեն․ ուսանողը ներգրավված է գործընթացում, և դա ուսուցումն ավելի հետաքրքիր է դարձնում։

Այս կիսամյակի համար ընտրել եմ այնպիսի առարկաներ, որոնք ինձ իսկապես հետաքրքրում են, իսկ համալսարանում նաև նոր օտար լեզու եմ սովորելու՝ ֆրանսերեն։

Առաջին շաբաթից հետո դեռ չեմ կարող ասել, թե ինչ մարտահրավերներ են ինձ սպասում։ Առայժմ դրանք առանձնապես չեն եղել։ Բայց եթե առաջանան, կարծում եմ՝ հաղթահարելի կլինեն։ Ամեն դեպքում, այս պահին ամեն ինչ ընթանում է մոտավորապես այնպես, ինչպես նախապես պատկերացնում էի։

Իմ ստաժավորման մենթոր, ԹՊՀ-ի պրոֆեսոր և ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցիչ Կոնստանտինե Կորկելիան մի անգամ ասաց․ «Կյանքը պիտի ընթանա այնպես, ինչպես դուք եք ուզում»։

Տարտուի այս առաջին շաբաթից հետո կարող եմ ասել, որ առայժմ հենց այդպես էլ ընթանում է։