Վրաստան ներմուծված նավթի 100 տոկոսը Ռուսաստանից է

2026 թվականի առաջին 8 ամիսներին Վրաստանում և Սիրիայում նավթի ներմուծումն ամբողջությամբ բաժին է ընկել Ռուսաստանին, ասված է ռուսական էներգառեսուրսներից գլոբալ կախվածության վերաբերյալ Ուկրաինայի իշխանությունների զեկույցում։ Փաստաթուղթը տարածել է Սպիտակ տանը հավատարմագրված լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն։

Չվերամշակված նավթի ներմուծման տեսանկյունից առաջատար երկրների ցանկը գլխավորում են Վրաստանն ու Սիրիան․

• Վրաստան․ տարվա առաջին 8 ամիսներին ներմուծված նավթը ընդհանուր առմամբ կազմել է 4.6 միլիոն բարել, և հարյուր տոկոսն էլ մուտք է գործել Ռուսաստանից;

• Սիրիա․ 13.5 միլիոն բարելի ներմուծումից Ռուսաստանի մասնաբաժինը կազմել է 99.8%։

Ցանկում ներառվել են նաև Հունգարիան և Սլովակիան։ Պարզվում է` Հունգարիայի ներմուծման մեջ ռուսական նավթի մասնաբաժինը 93% է, իսկ Սլովակիայում՝ 65%։ Նաև 55%-անոց ցուցանիշ է արձանագրվել Կուբայում, 50%՝ Իրանում, իսկ 41%՝ Բրունեյում։

Փաստաթղթի համաձայն՝ ծավալով խոշորագույն գնորդների ցանկը հետևյալն է․

• Չինաստան․ 585 միլիոն բարել (ընդհանուր ներմուծման 25%-ը);

• Հնդկաստան․ 453 միլիոն բարել (ընդհանուր ներմուծման 38%-ը);

• Թուրքիա․ 44 միլիոն բարել (ընդհանուր ներմուծման 23%-ը)։