Նոր զարգացումներ Դավիթ Գարեջիի շուրջ. Ադրբեջանը վերսկսել է աշխատանքները

Երեկ և այսօր Բաքվում Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքի հարցով հանդիպումներ են անցկացվում: Ստեղծված նոր հանձնաժողովը վրացական կողմից ղեկավարում է ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիան:

Երեկ, երբ Բաքվում ընթանում էր սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի հանձնաժողովի նիստը, Դավիթ Գարեջիի տարածքում աշխատող էքսկուրսավար Զվիադ Անանիաշվիլին ֆեյսբուքյան իր էջում տեղեկատվություն էր տարածել, որի համաձայն, վանական համալիրի տարածքում, ադրբեջանական կողմը վերսկսել է ճանապարհ կառուցելու աշխատանքները: Այս նպատակով տեղում մոբիլիզացված է շինարարական տեխնիկա, ըստ Անանիաշվիլիի, շինաշխատանքներն ընթանում են անդադար:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Լաշա Դարսալիայի խոսքերով, հանձնաժողովի այսօրվա նիստում առավել մանրամասն քննարկումներ տեղի կունենան կոնկրետ այն տարածքի շուրջ, որտեղ այժմ ադրբեջանական կողմը շինարարական աշխատանքներ է իրականացնում: Դարսալիան հավաստիացրել է նաև, որ առանց Վրաստանի համաձայնության թե Վրաստանի կողմից վերահսկվող, թե վիճելի տարածքներում չի կարող որևէ տեսակի աշխատանք ընթանալ:

Հատկանշական է, որ Ֆեյսբուքում գործող «Քեշիքչիդաղի պատմամշակութային հուշարձան» անունով էջում տարածվում է տեղեկատվություն, որ մայիսի 28-ին Դավիթ Գարեջիում Ադրբեջանի անկախության օրվա առթիվ մասշտաբային միջոցառումներ են նախատեսվում, տեղի է ունենալու նաև ավտոերթ: Ադրբեջանում Դավիթ Գարեջին Քեշիքչիդաղ են անվանում: