Jai Jagat 2020. քայլերթը կանցնի նաև Վրաստանով և Հայաստանով

Հոկտեմբերի 2-ին, Մահաթմա Գանդիի 150-ամյակին, Հնդկաստանում մեկնարկեց Գանդիի մեծ քայլերթը՝ Jai Jagat 2020, որը կանցնի աշխարհի տարբեր երկրներով, այդ թվում՝  Վրաստանով և Հայաստանով։

Քայլերթի մասնակիցներն մարտ ամսին կհասնեն Հայաստան, որտեղ մոտ մեկ ամիս անցկացնելուց հետո արդեն ապրիլից մեկ ամսով կլինեն Վրաստանում: Jai Jagat-ին Վրաստանում կուղեկցի վրաց գրող, հրապարակախոս և քաղաքական ակտիվիստ Իրակլի Կակաբաձեն, ով «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է.

«Մինչ օրս աշխարհի ամենամեծ քաղաքական գործիչը, ով առանց բռնության և մեկ կաթիլ արյան աշխարհի ամենամեծ կայսրությունը փլուզեց և նույնիսկ հիացրեց բոլորին: Մահաթման աշխարհում առաջին և անկրկնելի քաղաքական գործիչն էր»:

Քայլերթի մեկնարկի օրվա ընտրությունը պատահական չէ․ 2007 թ․-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հոկտեմբերի 2-ը հռչակել է Բռնության դեմ պայքարի միջազգային օր, քանի որ այս օրը ծնվել է Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդ Մահաթմա Գանդին։

Գանդիի հիմնադրամը Հայաստանում 2015 թվականից է գործում, որի ներկայացուցիչների հետ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքական մեծամասնության որոշ անդամներ դեռևս 4 տարի առաջ քննարկել են գանդիական ոչ բռնի մեթոդների կիրառությամբ փոփոխությունների հասնելու հնարավորությունը:

Հայաստանում միջոցառումներ նախատեսվում են ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում, այդ թվում ոչ բռնի, թավշյա հեղափոխության 2-ամյակի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Գանդին խաղաղ քայլերթներ անցկացնելով պայքարում էր իր համերկրացիների իրավունքների խաղաղության և արդարության համար։