Սննդամթերքի ազգային գործակալությունը կստուգի առնվազն 1800 մանկապարտեզ

Վրաստանի սննդամթերքի ազգային գործակալությունն ընթացիկ տարում նախատեսում է ստուգել 1886 մանկապարտեզ:

Ստուգման ենթակա մանկապարտեզներից 1645-ը հանրային են, իսկ 241-ը՝ մասնավոր: Ուսումնական տարվա մեկնարկից առաջ գործակալությունը ստուգում է մսուր-մանկապարտեզների սննդի բլոկներն ու խոհանոցները: Տեսուչները գնահատում են, թե որքանով է կարգավորված այն տարածքը, որտեղ պատրաստվում է երեխաների սնունդը, և արդյոք համապատասխանում է սննդամթերքի անվտանգության ու հիգիենայի պահանջներին։  

Թբիլիսիում Սննդամթերքի ազգային գործակալության դեպարտամենտի տեսուչները Մսուր-մանկապարտեզների կառավարման գործակալության ներկայացուցիչների հետ միասին տեղում ծանոթանում են սննդի բլոկների վիճակին և անհրաժեշտության դեպքում տալիս հանձնարարականներ/խորհուրդներ։  

Գործակալության տեղեկացմամբ՝ մանկապարտեզների սննդի բլոկներում հատուկ ուշադրություն է դարձվում ընդհանուր հիգիենային, ենթակառուցվածքի և գույքի կարգավորվածությանը, խոհանոցային սարքավորումներին, պատշաճ ջերմաստիճանային ռեժիմին, խմելու ջրի անվտանգությանն ու սննդի պատրաստման անձնակազմի պատրաստվածությանը։  

Գերատեսչության պարզաբանմամբ՝ սրանք են այն հիմնական պայմանները, որոնք նախադպրոցական հաստատությունների սննդի բլոկները պետք է բավարարեն՝ երեխաների համար անվտանգ միջավայր ապահովելու նպատակով։