Արցախյան ազատամարտիկի հուշարձանի դիլեման. Վրաստանը երկու քարի արանքում

Ախալքալաքի Բուղաշեն գյուղում Արցախյան ազատամարտիկ Միքայել Ավագյանի վերաբացված կիսանդրին Վրաստանի ադրբեջանցիներին առիթ է տվել Վրաստանը հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մաս դարձնելու փորձեր անել:

Պատմությունն ունի երկու կողմ՝ Միքայել Ավագյանը ոմանց համար ազատամարտիկ ու հերոս է, ոմանց համար՝ անջատողական սադրիչ: Նույնը կարելի է ասել նաև ադրբեջանաբնակ Մառնեուլիի Լեժբադին գյուղում Ղարաբաղյան պատերազմին մասնակցած Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանի մասին:

Հունվարի 20-ին վերաբացված կիսանդրին Վրաստանում դիվանագիտական սկանդալի վերածվելու շեմին է: Կիսանդրու վերաբացումը վիրավորել է ադրբեջանցիներին, վերջիններս Վրաստանի կենտրոնական իշխանություններից պահանջում են ապամոնտաժել այն: Նրանց խոսքով, անջատողական Ավագյանը ադրբեջանցի կանանց և երեխաների է սպանել, իսկ կիսանդրին վերաբացվել է Ադրբեջանի համար սգո օրը: Նշվում է, որ Վրաստանը, որպես Ադրբեջանի եղբայր երկիր, նման դեպքեր պետք է թույլ չտա: Բացի այդ, ադրբեջանական կողմը նշում է, թե Ավագյանը նաև վրաց ժողովրդի թշնամին է՝ մասնակցել է վրաց-աբխազական պատերազմին, կռվել է Բաղրամյանի գումարտակում, մի քանի շաբաթ շարունակ ադրբեջանցիների կողմից հայտարարություններ են հնչում: Նախ՝ Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դիմել էր Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը, իսկ Ադրբեջանում Վրաստանի դեսպանին կանչել էին Ադրբեջանի ԱԳՆ:

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ավելորդ է այս հարցի շուրջ մեծ աղմուկ բարձրացնելը»:

Ինչ վերաբերում է հարցի ներքաղաքական զարգացմանը, Վրաստանի խորհրդարանում ազգությամբ ադրբեջանցի, ընդդիմադիր Միացյալ Ազգային շարժում կուսակցության անդամ Ազեր Սուլեյմանովը հարց էր ուղղել խորհրդարանի խոսնակ Իրակլի Կոբախիձեին: Պատգամավորի խոսքով՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում կատարվածը նպատակաուղղված սադրանք էր Վրաստանի դեմ․ «Միքայել Ավագյանը Ադրբեջանի և Վրաստանի թշնամին է»:
Խորհրդարանի խոսնակն անդրադառնալով հարցին, դեպքը որակել էր թյուրիմացություն, որը լուրջ անհարմարություն է առաջացրել:

«Մենք խորհրդակցություններ ենք անցկացնում մեր ադրբեջանցի գործընկերների հետ և միասին կընդունենք այնպիսի որոշում, որը կծառայի մեր հարևանների հետ խաղաղ իրավիճակի պահպանմանը»,- հայտարարել է Կոբախիձեն:

«Ալիք Մեդիայի» հետ զրույցում հարցին անդրադառնում է սակրեբուլոյի պատգամավոր, Հայրենասերների դաշինք կուսակցության անդամ Սամվել Պետրոսյանը.

«Միքայել Ավագյանը սովորական գյուղացի տղա է, պատերազմում կռված, մեր հերոսն է, չարժեր նման աղմուկ բարձրացնել այս կիսանդրու պատճառով: Երբ Թբիլիսիում տեղադրվեց Ալիևի արձանը, մենք չարձագանքեցինք նման կերպ, չնայած Ալիևի կարգավիճակը շատ ավելի բարձր է և Սումգայիթի դեպքերում մենք` հայերս հենց նրան ենք մեղադրում: Մենք գտնում ենք, որ բոլորս հավասար քաղաքացիներ ենք»:

Հարցը լայն քննարկումների առիթ է դարձել ոչ միայն ազգությամբ ադրբեջանցիների, այլ նաև վրացիների կողմից:

Փետրվարի 8-ին Վրաստանի ադրբեջանցիները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց անցկացրին` պահանջելով ապամոնտաժել կիսանդրին: Ցույցին ներկա էին պատգամավոր Ազեր Սուլեյմանովը, քաղաքական և հասարակական գործիչներ: Ելույթ ունեցավ նաև արդարության համար ամիսներ շարունակ խորհրդարանի շենքի մոտ «բնակվող» որդեկորույս Մալխազ Մաչալիկաշվիլին, որը փորձեց հիշեցնել, որ Վրաստանը հանդուրժողական երկիր է և իր ելույթում հիմնականում շեշտը դրեց հանդուրժողականության վրա:

Ի՞նչ կարծիքի են Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն ու Բուղաշենցիները

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպության վարչության անդամ Սանդրիկ Օհանյանն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ տվյալ հարցի շուրջ ուսումնասիրություններ են արվել. իրավաբանական տեսանկյունից կիսանդրին տեղադրելով ոչ մի օրենք չի խախտվել: Օհանյանն ասում է՝ «Տեղական իշխանությունն ունի լիազորություն կիսանդրի տեղադրելիս կենտրոնական իշխանության հետ համաձայնության չգալ»:

Կիսանդրին ապամոնտաժելու տարբերակը վերլուծելիս Օհանյանն ասում է` դա կարող է լուրջ զարգացումների հանգեցնել, քանի որ Վրաստանի ողջ տարածքում ադրբեջանական քաղաքական գործիչների ու ազգային հերոսների բազմաթիվ արձաններ էլ են տեղադրված:

Ի դեպ, պատասխան պահանջ արդեն եղել է. Վրաստանի «Լեռնաշխարհ» հայկական ՀԿ-ն էլ վրացական իշխանություններից պահանջում է ապամոնտաժել Ջալիլ Սաֆարովի հուշարձանը:

Եթե գյուղում ծնված մարդու հիշատակը հավերժացնող հուշարձանը կարող է այդպիսի աղմուկի պատճառ դառնալ, ապա մենք պահանջում ենք ապամոնտաժել Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովին նվիրված հուշարձանը Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում, ով Ղարաբաղյան պատերազմի ակտիվ մասնակից էր և բազմաթիվ հայեր է սպանել (այդ թվում՝ խաղաղ բնակիչներ), որի համար էլ արժանացել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչմանը։»,- նշված է տարածված հայտարարության մեջ:

Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնը իր վճռական աջակցությունն է հայտնում երկրի իշխանություններին իրենց հավասարակշռված մոտեցման համար եւ հույս հայտնում, որ ապագայում եւս տվյալ մոտեցումը կպահպանվի: Ադրբեջանական համայնքի կոչը ապամոնտաժելու Արցախյան ազատամարտիկի կիսանդրին կրում է խիստ սադրիչ  ու ապակայունացնող բնույթ եւ ոչ մի կերպ չի բխում Վրաստանի ազգային շահերից:

Ի աջակցություն Ջավախքի հայերի հայտարարություն է տարածել նաև Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը:

«Մենք մեր վճռական աջակցությունն ենք հայտնում ջավախքահայերին եւ զգուշացնում Ադրբեջանին եւ իրեն ենթակա սադրիչ ուժերին, որ նման պահվածքի դեպքում Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնությունը ստիպված է լինելու դիմել բոլոր հնարավոր միջոցների զսպելու համար ադրբեջանական սադրանքները ընդդեմ Վրաստանի պետականության եւ հայ ժողովրդի»,- նշված է համադաշնության տարածած հայտարարության մեջ:

Բուղաշենի բնակիչները ևս պատրաստ են պաշտպանել կիսանդրին: Բողոքի ակցիայից հետո ուշ երեկոյան Բուղաշենի երիտասարդները հավաքվել էին արձանի մոտ` ցույց տալու համար, որ կպաշտպանեն այն:

Ո՞վ էր Միքայել Ավագյանը

Վրացագետ Ջոնի Մելիքյանն ասում է` տարիներ առաջ տեղադրված կիսանդրու պատմությունը Վրաստանում խելացիորեն ներկայացրին՝ կապելով Աբխազիայի հետ՝ հասկանալով և իմանալով, որ վրաց հասարակության թույլ տեղն է։

Իրականում, Միքայել Ավագյանն Աբխազիայում աշխատել է որպես ոստիկան մինչև 1990 թվականը: Այնուհետև իր գործունեությունը շարունակել է Հայաստանում: Վրացական ու ադրբեջանական մամուլում տարածված տեղեկությունն առ այն, որ Ավագյանը կռվել է «Բաղրամյանի գումարտակում», իրականությանը չի համապատասխանում: Վերջինս չէր կարող միաժամանակ երկու պատերազմի մասնակցել:

Բուղաշենցիների համար Ավագյանը հերոս է: Նրա ժառանգներից Նաթելա Ավագյանն «Ալիք մեդիային» պատմում է՝ հերոսի մասին լսել է ընտանիքի անդամներից.
1994թ-ին հանուն մեր հայրենիքի Միքայել Ավագյանն իր 4 անչափահաս երեխաներին թողել է կնոջ հույսին և զոհվել է հերոսաբար: Չարաբաստիկ լուրը լսելուն պես մեր գյուղի տղամարդիկ գնացին Սիսիան, որտեղ էլ նա զոհվել է»,- ասում է Նաթելան ու ավելացնում՝ գյուղի բնակիչները չեն մոռանա, որ նման քաջ հերոս ունեն:

Որո՞նք են լինելու Վրաստանի հայերի հետագա քայլերը

Բուղաշենի ու Ջավախքի երիտասարդները սպասում են իրադարձությունների զարգացմանը: Ալեքսանդր Օհանյանն ասում է` «խնդրի լուծման լավ տարբերակ կլինի, որ Վրաստանի հայերը համախմբվեն, երկխոսության միջոցով լուծեն խնդիրը»:

Այնուամենայնիվ, Վրաստանի հայկական այլ կառույցներ որևէ հայտարարությամբ հարցի շուրջ հանդես չեն եկել:

«Ալիք մեդիան» հետևում է իրադարձությունների զարգացմանը: