Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Մամզարա

Կովկասը` ամենագեղեցիկ բնությամբ և իր մշակույթով առանձնահատուկ աչքի ընկնող դրախտավայր է, որտեղ գտնվում են 4 երկրներ, բնակեցված տարբեր ազգության և կրոնի մարդկանցով։ Երևի ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Կովկասի տարածաշրջանում գտնվող երկրներից մեկն էլ Վրաստանն է, որտեղ դեռ հին ժամանակներից ապրել են և շարունակում են ապրել տարբեր ազգերի ներկայացուցիչներ, որոնց համար Վրաստանը կրում է «բազմէթնիկ Վրաստան» անվանումը։

Քանզի խոսեցի Վրաստանում ապրող ազգերի մասին, կցանկանայի նշել նրանց գործունեության և իրենց բնակավայրում առկա խնդիրների մասին, որոնք հուզում են տեղի բնակչությանը։ Ես՝ լինելով հայ թեմի ներկայացուցիչ, ով ապրում է Վրաստանում և ուսումնասիրել է գրեթե բոլոր էթնիկ խմբերի պատմությունը, կասեմ, որ նրանցից յուրաքանչյուրն իր դերակատարումն է ունեցել Վրաստանի զարգացման պատմության մեջ։

Հայերը կառուցել են առաջին հիվանդանոցը Թբիլիսիում, հայտնի լեհ ճարտարապետի նախագծերի հիման վրա կառուցվել են Թբիլիսիի բազում շինություններ և այլն։ Վրաստանն էլ իր հերթին աջակցել է, որ բոլորն ունենան իրենց բնակավայրը։ Ինչպես գիտենք, Սամցխե-Ջավախեթին, նույն ինքը Ջավախքը, որտեղ բնակեցված են հայեր, աչքի է ընկնում իր առանձնահատկություններով։

Ես լինելով հայ, Ջավախք լեռնաշխարհում գտնվող գյուղերից մեկի` Մամզարայի բնակիչ, կցանկանայի կիսվել առկա խնդիրներով, որոնք ոչ միայն մեր գյուղում են, այլ նաև ողջ շրջանում։ Առկա խնդիրներից մեկը համարում եմ այն, որ գյուղում չկան ժամանցի վայրեր, որտեղ երիտասարդները կկարողանային ժամանակ անցկացնել, չկան երիտասարդական կենտրոններ, որտեղ երեխաները կկարողանային հաճախել դասընթացների, որոնք կաջակցեին նրանց ամրապնդել ունեցած գիտելիքները և վերջ ի վերջո կօգնեին նրանց բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելիս։ Այս պատճառով երեխաներն իրենց հետաքրքրությունները լրացնելու, անհրաժեշտ դասընթացներին մասնակցելու համար գնում են Նինոծմինդա, ինչը ոչ բոլորին է հասանելի, քանզի չի գործում հասարակական տրանսպորտ օրվա յուրաքանչյուր ժամի։

Մեր գյուղը համեմատած խոշոր գյուղերի հետ՝ փոքր է, սակայն այստեղ էլ են ապրում մարդիկ, երեխաներ և երեխաներին անհրաժեշտ է նախադպրոցական կրթություն, սակայն ցավոք սրտի գյուղը չունի մանկապարտեզ և երեխաները մանկապարտեզ են հաճախում Նինոծմինդայում, կամ հարևան գյուղում։ Չկա խաղահրապարակ, որտեղ կկարողանային երեխաները խաղալ, վիճել երբեմն, լացել։ Չկան աշխատատեղեր, ոչ միայն մեր գյուղում, այլ համայնքում, ինչի հետրևանքով մարդիկ ստիպված լքում են գյուղը և մեկնում արտերկիր աշխատելու (խոսքս տղամարդկանց մասին է), որը երբեմն կարող է շահավետ լինել ֆինանսապես, բայց ինչքանով է արդարացի, որ ընտանիքի տղամարդը, հայրը 6-8 ամսով, երբեմն տարիներ շարունակ աշխատում է արտերկրում՝ ընտանիքից հեռու, իսկ երեխաները ինչպես կարող են մեծանալ առանց հոր խորհրդի, սիրո և ջերմության։ Սակայն մարդիկ ստիպված են, հանուն ընտանիքի բարօրության, կամ ընտանիքը տեղափոխվում է արտերկիր իր կյանքը դասավորելու նպատակով։

Նաև կցանկանայի անդրադառնալ ասֆալտապատման խնդրին։ Չնայած գյուղի կենտրոնական ճանապարհն ասֆալտապատված է, դեպի թաղեր տանող ճանապարհները, այնուամենայնիվ, գտնվում են անմխիթար վիճակում։

Նախկինում ինտեգրման խնդիր կար, սակայն «1+4» ծրագրի շնորհիվ բազում երիտասարդներ իրենց ուսումը կարող են շարունակել Թբիլիսիի ուսումնական հաստատություններում։

Եթե ինձ որևէ կերպ ընձեռնվեր իմ համայնքին, տեղի բնակչությանն աջակցելու հնարավորություն, երևի կստեղծեի աշխատատեղեր, որպեսզի մարդիկ ստիպված չլինեին թողնել իրենց ծննդավայրը և չմեկնեին արտերկիր։ Այնուհետև կանեի ամեն ինչ, որ երիտասարդների համար ստեղծվեին հատուկ պայմաններ, որպեսզի երիտասարդները մասնակցեին դասընթացների, ընդլայնեին իրենց մտահորիզոնը և գտնեին իրենց հետաքրքրությունները բավարարող ոլորտը։

Հեղինակ՝ Աստղիկ Ադամյան, Նինոծմինդա, գյուղ Մամզարա

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: