Կոչ են անում իրավական հիմքեր ստեղծել օգոստոսյան պատերազմից տուժածներին փոխհատուցելու համար

Վրաստանի «Դրոա», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի» և «Գիրչի» ընդդիմադիր կուսակցություններն արձագանքել են 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշմանը և կոչ են անում իրավական հիմքեր ստեղծել օգոստոսյան պատերազմի զոհերին ու նրանց ընտանիքների անդամներին փոխհատուցելու համար։

«Ռազմավարությունը Աղմաշենեբելի» առաջնորդ Գիորգի Վաշաձեի խոսքով, Հաագայի եզրակացության հիման վրա կառավարությունը կարող է փոխհատուցում պահանջել պատերազմում զոհված հարկադիր վերաբնակների և ընտանիքի անդամների համար, ինչպես նաև քրեական գործ հարուցել դատախազի որոշմամբ մեղավոր ճանաչվածների նկատմամբ։

«Վարչապետն այս հարցի հետ կապված նույնիսկ հայտարարություն չի անում։ Ռուսամետ «Վրացական երազանք»-ի ղեկավար Իրակլի Կոբախիձեն ոչինչ չի ասում, ինչու՞. որովհետև 10 տարի այս մարդիկ մեզ ասում են, որ պատերազմը սկսել է Վրաստանը։ Այս մարդիկ 10 տարի շարունակ մեզ մեղադրում են 2008 թվականի պատերազմի ռազմական գործողությունների համար, բայց կարևորն այն է, թե ինչ է ասել դատախազը: Նախ` Վրաստանը մեղավոր չէ, Վրաստանի հանցավոր գործողությունների մասին նույնիսկ չնչին ապացույց չկա, և վրացական կողմին մեղադրանք չի առաջադրվել»,- ասել է Վաշաձեն։

Ի դեպ, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանի խոսքով, օգոստոսյան պատերազմի գործով հետաքննության փուլն ավարտվել է, թեև դեռ աշխատանքներ են տարվում կասկածյալներին՝ Միխայիլ Մինձաևին, Համլետ Գուչմազովին և Դավիթ Սանակոևին բերման ենթարկելու համար։

Հաագան արդարացրեց ինձ, վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել. Սաակաշվիլի