Հաագան արդարացրեց ինձ, վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել. Սաակաշվիլի

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին արձագանքել է Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի որոշմանը 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով հետաքննության վերաբերյալ։

Սաակաշվիլին ասել է. «Հաագան արդարացրեց ինձ մինչև վերջ, իսկ վրացական դատարանը կարող է ինձ մահապատժի դատապարտել»:

Սաակաշվիլիի խոսքով, վրացիների դեմ Հաագայի հետաքննությունը 2015 թվականին արհեստականորեն սկսել է Վրաստանի արդարադատության նախարարությունը։

«Ինչ վերաբերում է Հաագային, շատ շնորհակալություն գեներալ Կղուրաշվիլիին ու Գոգավային և բոլոր այն զինվորներին, որոնք չնահանջեցին ու վկայություն չտվեցին Վրաստանի ռազմական ղեկավարների և իմ դեմ՝ չնայած մեծ ճնշումներին։ Ձեր խիզախությունը կմնա պատմության մեջ»,- ասել է Սաակաշվիլին:

Ի դեպ, Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով հետաքննության փուլի ավարտի մասին։

2016 թվականի հունվարի 27-ին դատախազությունը սկսել է հետաքննել իրավիճակը Վրաստանում՝ կապված մարդկության դեմ հանցագործությունների և Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո գտնվող ռազմական հանցագործությունների հետ, որոնք կատարվել են 2008 թվականի հուլիսի 1-ից հոկտեմբերի 10-ը միջազգային զինված հակամարտության համատեքստում:

Հետաքննության արդյունքում 2022 թվականի հունիսի 30-ին Առաջին նախաքննական պալատը երեք կասկածյալի նկատմամբ կալանքի որոշում է կայացրել։

  1. Գեներալ-լեյտենանտ Միխայիլ Մինձաև՝ 2005 թվականին նշանակվել է Հարավային Օսիայի դե ֆակտո վարչակազմի ներքին գործերի նախարար մինչև 2008 թվականի հոկտեմբերի 31-ը,
  2. Համլետ Գուչմազով՝ օգոստոսյան վրաց-ռուսական պատերազմի ժամանակ Հարավային Օսիայի դե ֆակտո ՆԳՆ նախնական կալանքի պետ,
  3. Դավիթ Սանակոև՝ Հարավային Օսիայի նախագահի մարդու իրավունքների դե ֆակտո ներկայացուցիչ, օգոստոսյան պատերազմի իրադարձությունների ժամանակ նաև հայտնի էր որպես «օմբուդսմեն»: