Վրաստանի տարածքում կա նաև Ադրբեջանի ազգային հերոսի արձան

Հայազգի սպա Միքայել Ավագյանը Ղարաբաղյան պատերազմի միակ մասնակիցը չէ, որի արձանը կանգնեցված է Վրաստանում: Մառնեուլիում՝ Լեժբադին գյուղում կանգնեցված է Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովի հուշարձանը: Այս մասին հայտնում է PrimeTime գործակալությունը:

Դեպքը, որը Վրաստանի և Ադրբեջանի միջև գրեթե դիվանագիտական սկանդալի և մի քանի չհստակեցված տեղեկատվության տարածման պատճառ էր դարձել, միակը չէ: PrimeTime-ի տեղեկատվությամբ՝ Ադրբեջանի ազգային հերոսի հուշատախտակը՝ դիմանկարով, տեղադրված է եղել գյուղի հանրային դպրոցի բակում, իսկ 2016 թվականին, երբ գյուղի կենտրոնում գտնվող հանրային դպրոցի բակում ավելի մասշտաբային համալիր է կառուցվել ի հիշատակ հայրենական պատերազմում զոհվածների, հուշատախտակը միացրել են հուշարձանին:

Ադրբեջանի ազգային հերոս Ջալիլ Սաֆարովը մահացել է Ղարաբաղյան հակամարտության ժամանակ՝ 1992 թվականին: Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունների տեղեկատվությամբ, Սաֆարովը Տուրշսու-Զարիսլիի ճանապարհին, 1992 թվականի մայիսի 15-ին տեղի ունեցած բախման ժամանակ է սպանվել: Նույն տարում Ադրբեջանի նախագահի որոշմամբ Սաֆարովին շնորհվել է ազգային հերոսի կոչում: Սաֆարովը թաղված է Բաքվում: Ջալիլ Սաֆարովը ծնվել է 1962 թվականին Մառնեուլիի շրջանի Լեժբադին գյուղում: Ավելի ուշ ծնողների հետ միասին տեղափոխվել է Ադրբեջան: