Միգրացիան նպաստում է Վրաստանի արտաքին եկամուտների աճին. Fitch

Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակել է Վրաստանի սուվերեն վարկային վարկանիշի նոր գնահատականը։ Fitch-ը վարկանիշը պահել է անփոփոխ՝ BB մակարդակում, իսկ երկրի վարկային վարկանիշի ակնկալիքը նույնպես անփոփոխ է և շարունակում է մնալ «դրական», հայտնում է BM.GE-ն:

Միաժամանակ կազմակերպությունը 2023 թվականի ընթացքում երկրում կանխատեսում է 6,9 տոկոս տնտեսական աճ, ինչը 3,4 տոկոսային կետով գերազանցում է հունվարին հրապարակված 4,5 տոկոս կանխատեսումը։

Fitch-ը նշում է, որ զբոսաշրջությունից եկամուտների աճը, ինչպես նաև միգրանտների ծախսերն ու տրանսֆերտները նպաստել են Վրաստանի արտաքին եկամուտների աճին։ Արտաքին եկամուտներն առաջին եռամսյակում ունեցել են զգալի ամրապնդման միտում և կազմել 13 տոկոս։ Հաշվի առնելով նշված գործոնները՝ 2023 թվականի առաջին եռամսյակում Վրաստանի ընթացիկ հաշվի դեֆիցիտը նվազել է մինչև 3,2 տոկոս։

«Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից և Ուկրաինայից ընդհանուր միգրացիան հասել է 100 հազարի 2022 թվականին, իսկ 2023 թվականին թեթևակի անկում է գրանցվել»,- նշված է Fitch-ի վերանայման արդյունքների մեջ:

Կազմակերպության կարծիքով` հայտնի չէ, թե որքան կտևի միգրացիայի էֆեկտը, թեև ակնկալվում է, որ Ռուսաստանից կապիտալի ներհոսքն էապես չի նվազի։

Fitch-ը կենտրոնանում է երկրում կառավարման որակի վրա։ Կազմակերպությունը նշում է, որ Վրաստանը ներկայումս սպասում է ԵՄ-ի կողմից թեկնածուի կարգավիճակ ստանալուն, ինչի համար անհրաժեշտ է կատարել 12 առաջնահերթությունները։ Ըստ կազմակերպության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների առումով Վրաստանի կառավարության դիրքորոշումը լարվածություն է առաջացրել Արևմուտքի հետ հարաբերություններում։