«Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել, որում նշված է, որ կուսակցության համագումարը տեղի կունենա մայիսի 7-ին: Ըստ հայտարարության` հենց այդ համագումարի ընթացքում էլ կընտրվի կուսակցության նոր նախագահը։
Կուսակցության հայտարարության մեջ նշված է, որ համագումարը կկայանա Գորգասալիի գրասենյակում։ Խորհրդի անդամները քննարկել են օրակարգում ընդգրկված երկու հարց։
«Հաստատվել է, որ «Վրացական երազանք» քաղաքական միավորման համագումարը տեղի կունենա մայիսի 7-ին, որտեղ կընտրվի կուսակցության նոր նախագահը։ Խորհուրդը նաև նախաձեռնել է քաղաքական խորհրդի կազմի թարմացումը, որը կհաստատվի մայիսի 7-ի համագումարում», — ասված է հայտարարության մեջ։
«Վրացական երազանք»-ը համագումար անցկացնելու մտադրության և քաղաքական խորհրդում «թեթևակի» փոփոխությունների մասին հայտարարել էր կուսակցության նախագահի պաշտոնից և քաղաքականությունից Իրակլի Ղարիբաշվիլիի հեռանալուց հետո:
Ապրիլի 28-ին կուսակցության մեծամասնության նիստից հետո կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն հայտարարել էր, որ նախ կանցկացվեն «տարածաշրջանային համաժողովներ», ապա՝ համագումար։
Մդինարաձեի խոսքով, համագումարում «կընտրվի կուսակցության նոր նախագահ»։ Որևէ հավանական թեկնածուի անուն նա չի նշել։ Ըստ նրա՝ քաղաքական խորհրդի կազմը նույնպես թեթևակի կթարմացվի, և կլինեն փոփոխություններ։
«Վրացական երազանք»-ը համագումարի է պատրաստվում. քաղխորհրդում փոփոխություններ կլինեն