Թբիլիսիում դանակահարված դպրոցականները վերակենդանացման բաժնում են

Թբիլիսիի 35-րդ դպրոցի դանակահարված երկու աշակերտները շարունակում են մնալ Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Այս մասին «Interpressnews.ge»-ին հայտնել է բաժնի ղեկավար Թեա Թավարթքիլաձեն:

Նրա խոսքով, երկու պատանիներն էլ վնասվածք են ստացել կրծքավանդակի հատվածում: Բաժնի ղեկավարը նշել է, որ այս պահին հետազոտություն է իրականացվում, ինչից հետո միայն պարզ կլինի հետագա բժշկական միջամտության ձևը:

«Երկուսի վիճակն էլ կայուն է: Ողջ գիշերվա ընթացքում իրականացվել են լաբորատոր-ախտորոշիչ հետազոտություններ, ինչը շարունակելու ենք նաև այսօր: Միայն բոլոր հետազոտություններից հետո պարզ կդառնա մեր հետագա անելիքը: Այս պահին վիրահատական միջամտություն չենք ծրագրում»,- ասել է Թեա Թավարթքիլաձեն:

Տեղեկացնենք՝ Թբիլիսիի թիվ 35 դպրոցի աշակերտներին դանակահարել են հունվարի 31-ին: Գործ է հարուցվել Վրաստանի քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածի հատկանիշներով (առողջությանը կանխամտածված ծանր վնասներ հասցնել):

Թողնել պատասխան