Թբիլիսիում ձերբակալել են տրանսգենդեր կնոջը ծեծի ենթարկած տղամարդուն

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Թբիլիսիում ձերբակալել են 23-ամյա տրանսգենդեր Միրանդա Փաղավային ծեծի ենթարկած տղամարդուն:

Տրանսգեդեր կինը այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հունվարի 28-ին: Գրառման մեջ նա տեղեկացրել է, որ իրեն ծեծի են ենթարկել Վակե այգու հարակից տարածքում, երբ դուրս է եկել տաքսուց։ Կանգառի մոտ սեփական մեքենայում նստած անծանոթ տղամարդը այն պահին փորձել է պարզել՝ Միրանդան կին է, թե տղամարդ։ Փաղավան՝ չպատասխանելով տղամարդու հարցերին, ուղղվել է դեպի խանութ՝ տաքսու վարորդին վճարելու համար գումարը մանրելու նպատակով:

Տղամարդը շարունակել է պնդել հետևել իրեն։ Մերժում ստանալով, սկսել է ծեծել Միրանդային՝ երկաթե սալիկով հարվածել դեմքին։

Փաղավան տեղեկացնում է, որ չի կարողացել զանգահարել ոստիկանություն, քանի որ հեռախոսն անջատված է եղել, իսկ որոշ վայրերում (շուրջօրյա տարադրամի փոխանակման կետերում) հրաժարվել են անել դա: Տուժածը տեղեկացրել է նաեւ, որ վնասվել է աչքը:

ՆԳՆ-ն հայտնել է, որ դատավորի որոշմամբ, հարձակվողը ձերբակալված է։ Բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, ինչը ենթադրում է տուգանքի վճարում, 120-ից 180 ժամ տևողությամբ հասարակական աշխատանքի կատարում, տնային կալանք կամ մեկ տարի ժամկետով ազատազրկում:

Թողնել պատասխան