Թբիլիսին պատրաստ է տարածաշրջանային կենտրոնի դեր ստանձնել

Վրաստանը պատրաստ է տարածաշրջանային կենտրոնի դեր ստանձնել էներգետիկ տարանցման, բեռնափոխադրումների և թվային փոխկապակցման ոլորտներում, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհի ֆորումի» բացման ժամանակ իր ելույթում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Ըստ վարչապետի՝ տարածաշրջանային կենտրոնի դերակատարմամբ Վրաստանի նպատակն է իրականացնել լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ նպատակով է Անակլիայում նոր նավահանգիստ կառուցվում. «Դա խորջրյա նավահանգիստ է լինելու և առաջնահերթություն մեզ համար՝ ծովային երկրի մրցունակության առումով»:

Վարչապետի խոսքով, դրանով հնարավորություն կստեղծվի տարեկան տեղափոխել 100 մլն կոնտեյներ։

«Մենք սկսել ենք ռազմավարական նշանակության մի քանի բարձրակարգ նախագծեր, որոնք իսկապես գլոբալ ազդեցություն կունենան էներգետիկ անվտանգության և կլիմայի փոփոխության վրա: Նաև, սևծովյան ստորջրյա էլեկտրահաղորդման մալուխի միջոցով հնարավոր կդառնա կանաչ էներգիայի առևտուր անել ԵՄ-ի և Հարավային Կովկասի միջև:

Ռազմավարական համաձայնագիրը, որը ստորագրվել է Բուխարեստում 2022 թվականի դեկտեմբերին, ամուր հիմք է ստեղծել էներգետիկ գործընկերության համար, և Համաշխարհային բանկը դա համարում է տնտեսապես կենսունակ համաձայնագիր։ Մենք ակնկալում ենք, որ 2024 թվականին կկատարվի նախագծի ամբողջական տեխնիկական ուսումնասիրություն»,- ասել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարը հավելել է՝ վերջին տասնամյակի ընթացքում կառավարությունը Վրաստանը դարձրել է բիզնեսի ծավալման լավագույն վայրը աշխարհում: Ըստ նրա՝ Վրաստանի հարկային դրույքաչափերն ամենացածրերից են. «Համաշխարհային բանկի տվյալներով՝ Վրաստանը 3-րդ տեղում է ամենացածր հարկային բեռ ունեցող երկրների շարքում, որտեղ ընդհանուր դրույքաչափը կազմում է 9,9 տոկոս»:

Նրա խոսքով, Վրաստանը նաև բազմաթիվ արժեքավոր առաջարկներ է անում ներդրողներին։

«Օրինակ` շահույթի մոդելը. ընկերություններն ազատվում են կորպորատիվ հարկից: Կան 4 ազատ արդյունաբերական գոտիներ, որտեղ կարելի է արտադրել ապրանքներ, որոնք ազատված են հարկերից։ Այս ամենն օգնում է բիզնես վարելու համար Վրաստանը գրավիչ վայր դարձնել։ Այսօր Վրաստանը սպասարկում է ծովով ելք չունեցող 8 երկրների՝ որպես դարպաս Եվրոպայի և Ասիայի միջև։ Վրաստանը եվրոպական բիզնեսին առաջարկում է մուտքի ճանապարհ ոչ միայն դեպի Հարավային Կովկաս, այլ նաև ելք դեպի Կենտրոնական Ասիա և Չինաստան։ Մենք առաջարկում ենք մրցակցային միջավայր միջազգային ընկերություններին, ինչը կնվազեցնի նրանց ծախսերը»,- պարզաբանել է վարչապետը։

«Մետաքսի ճանապարհի ֆորումին» մասնակցելու նպատակով Թբիլիսի են ժամանել Հայաստանի, Ադրբեջանի և Մոնտենեգրոյի վարչապետները: