Ապրիլի 26-27-ին Թբիլիսիում օֆլայն ձևաչափով կայացավ երկօրյա անվճար դասընթաց «Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» թեմայով:
«Ալիք Մեդիա Վրաստանի»-ի ընտրած13 մասնակիցները ներկայացնում էի
ն Վրաստանի տարբեր շրջաններ՝ Ծալկա, Նինոծմինդա, Ախալքալաք, Մառնեուլի:
Երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան ատելության խոսքի վնասների և տարբեր գործիքների հետ, թե ինչպես պայքարել ատելության խոսքի դեմ: Սովորեցին ճանաչել ատելության խոսքի և ատելությամբ պայմանավորված հանցագործության տարբերությունները:

Առաջին օրը տեղեկատվական բնույթ էր կրում մասնակիցների համար, իսկ արդեն ապրիլի 27-ին կայացավ workshop (սեմինար) վերոնշյալ ծրագրի խմբագրի հետ՝ մասնագիտական հոդված գրելու համար։
Ծրագրի նպատակն այն էր, որ երիտասարդները ձեռք բերեն ավելի կայուն գիտելիքներ, հատկապես սոցցանցերում 21-րդ դարի վերջին շրջանում ավելի շատ տարածում գտած ատելության խոսքի նկատմամբ, կարողանան դիմակայել և իմանալ դրանց դեմ պայքարելու արդյունավետ միջոցների, նաև այդ թեմային առնչվող օրենսդրության մեջ գործող կարգավորումների մասին (ինչպես Վրաստանի, այնպես էլ այլ երկրների):

«Ալիք Մեդիա Վրաստանի»-ի հետ զրույցում մասնակիցներից Նինա Պապիկյանը, որ Ախալքալաքի շրջանի Կաջո (Կոչիո) գյուղից է, ասաց.
«Բազմաթիվ այլ դասընթացների եմ մասնակցել, բայց ատելության խոսքի առումով այդքան էլ տեղեկացված չէի, ուստի ինձ համար դասընթացի երկու օրն էլ շատ հետաքրքիր ու գիտելիքներով լի էր: Հետաքրքիր էր լսել նաև մնացած մասնակիցների անձնական փորձի մասին՝ կապված այս թեմայի հետ: Ինձ դուր եկան թեմայի շուրջ քննարկումներն օրենսդրության առումով, քանի որ սրա մասին գրեթե ամեն ինչ նոր էր ինձ համար: Երկրորդ օրվա սեմինարը խմբագրի հետ ևս տեղեկատվական էր, և հետագա մրցույթին մասնակցելու համար հետաքրքիր մտքեր հաղորդեց»,- ասաց Նինան:
Մասնակիցներից Նարինե Պիճոյանը ընդգծեց. ««Բացահայտիր ատելության խոսքը քո համայնքում» դասընթացը ինձ համար շատ արժեքավոր փորձառություն էր»:
Նրա խոսքով, նմանատիպ ծրագրերը նպաստում են հասարակության մեջ հանդուրժողականության զարգացմանը:
«Ես գնահատում եմ այն, որ այսպիսի նախաձեռնությունները նպաստում են հասարակության մեջ հանդուրժողականության զարգացմանը և օգնում են երիտասարդներին դառնալ ավելի տեղեկացված ու զգայուն նման կարևոր թեմաների նկատմամբ։ Դասընթացի ընթացքում ամենից շատ ինձ դուր եկավ միջավայրը, որտեղ ազատ կարող էինք արտահայտել կարծիքները, ներկայացնել մեր փորձն ու միասին վերլուծել տարբեր իրավիճակներ։ Սովորեցի, թե ինչ է ատելության խոսքը, ինչպես կարող է դա ազդեցություն ունենալ մարդկանց հոգեկան առողջության և հասարակության շրջանում տիրող մթնոլորտի վրա։ Ծանոթացա նաև այն մեխանիզմներին, որոնց միջոցով կարող ենք հայտնաբերել ու արձագանքել ատելության խոսքին թե’ առցանց, թե’ իրական կյանքում։ Այս նախաձեռնությունն օգնեց ոչ միայն գիտելիք ձեռք բերել, այլև մոտիվացրեց լինել ավելի ակտիվ ու պատասխանատու քաղաքացի»,-«Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նշեց նա:
Նարինեն համոզված է, որ ստացած փորձը կկարողանա կիրառել թե’ իր անձնական կյանքում, թե’ համայնքում դրական փոփոխությունների հասնելու համար։
Նշենք. դասընթացին մասնակցած երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու ծրագրի շրջանակներում նախատեսված մրցույթին, որի շրջանակներում կներկայացնեն հոդված կամ էսսե։
Հաղթողը մրցանակ կստանա իր ներդրման և ակտիվության համար։



