«Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները շնորհավորել են վետերաններին

«Վրացական երազանք»-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի ևս մայիսի 9-ին շնորհավորեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։ Նրանք առավոտյան հավաքվել էին «Վետերանների մշակույթի և հանգստի այգում» (Կիկվիձեի այգի): Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից անցել է 80 տարի:

«Ֆաշիզմը մեծ չարիք էր, և, իհարկե, ֆաշիզմի պարտությունը շատ կարևոր իրադարձություն է, և, համապատասխանաբար, նշվում է այս օրը։ Ես կցանկանայի շնորհավորել բոլոր վետերաններին այս օրվա կապակցությամբ», — ասել է «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Մայիսի 8-ին աշխարհը, իսկ մայիսի 9-ին՝ նախկին խորհրդային 12 հանրապետությունները, նշում են նացիզմի դեմ տարած հաղթանակի 80-ամյակը։

Գերմանական ուժերի ռազմական գործունեությունը պաշտոնապես դադարեցվեց 1945 թվականի մայիսի 8-ին, ժամը 23:01-ին։ Այդ ժամանակ Մոսկվայում, նաև խորհրդային հանրապետություններում, մայիսի 9-ի ժամը 01:01 էր։ Մայիսի 9-ի լուսաբացին Թբիլիսիի ռադիոն հայտարարեց, որ պատերազմն ավարտվել է։

Մի քանի տարի շարունակ որոշ քաղաքական ուժեր և քաղաքացիական հասարակության խմբեր պահանջում են, որ Վրաստանը նացիզմի դեմ Հաղթանակի օրը նշի մայիսի 8-ին, այլ ոչ թե մայիսի 9-ին։ Դրա օգտին փաստարկն այն է, որ երկիրը պետք է ընտրություն կատարի և այդ օրը նշի Արևմտյան` քաղաքակիրթ աշխարհի հետ միասին, այդպիսով գաղափարապես հեռանալով խորհրդային, ռուսական տոտալիտարիզմի ժառանգությունից։