«Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդդիմության անդամներին և Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նախազգուշացրել է մայիսի 26-ի միջոցառումների կապակցությամբ։
Զուրաբիշվիլին մայիսի 6-ին կայացած ճեպազրույցի ժամանակ խոսել է մայիսի 26-ի ծրագրերի մասին։ Հինգերորդ նախագահն ասել է՝ մայիսի 26-ին Վրաստանի բոլոր քաղաքացիներին «կհանձնվի մայիսի 26-ը»։ Թե ինչ է նկատի ունեցել այս խոսքով, նա չի որոշակիացրել։
«Մայիսի 26-ը տեղի կունենա այնպես, ինչպես պետք է, մենք նախատեսել ենք համապատասխան միջոցառումներ՝ ճիշտ նույն ձևաչափով, ինչպես այս միջոցառումները անցկացվել են անցյալ տարի, նախանցյալ տարի, նախորդ տարիներին։ Իհարկե, ընդդիմությունը դրանք իրականացնելու ծրագրեր չունի. չփորձե՛ք խցկվել, սա շատ հստակ նախազգուշացում է և՛ Սալոմե Զուրաբիշվիլիին, և՛ մյուս «ազգայիններին», — ասել է Կոբախիձեն։
2025 թվականի մայիսի 26-ին Վրաստանը կնշի իր անկախության 107-ամյակը։ «Վրացական երազանք»-ի կառավարությունն այս օրը միջոցառումներ է անցկացնում մայրաքաղաքում և մունիցիպալիտետներում։ Այս տարի առաջին անգամ միջոցառումների անցկացման վայրերի ցանկում չի ներառվել Թբիլիսիի գլխավոր (Ռուսթավելիի) պողոտան, որտեղ 5 ամսից ավելի է, ինչ անցկացվում են հանրահավաքներ՝ պահանջելով նոր ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում: