Ֆրանսիայի նախագահի գրասենյակը՝ Ելիսեյան պալատը, արձագանքել է ռուսական ապատեղեկատվությանը, որն, ի թիվս ռուսական պետական լրատվամիջոցների և Կրեմլի քարոզիչների, տարածել է նաև վրաստանյան իշխանամետ քարոզչական POSTV լրատվամիջոցը:
Ռուսական պետական լրատվամիջոցների և Կրեմլի քարոզիչների տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, գնացքով Կիև մեկնող Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների սեղանին կոկաին է եղել, Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել՝ կից խոշոր պլանով լուսանկարներով և նշել, որ դա ապատեղեկատվություն է:
Ելիսեյան պալատի հայտարարությանը կից լուսանկարներում հստակ երևում է, որ սեղանին ընդամենն անձեռոցիկ է դրված։ Ֆրանսիայի նախագահական պալատը գրել է, որ այդ կեղծ տեղեկությունը տարածում են Ֆրանսիայի թշնամիները՝ թե՛ դրսում, թե՛ երկրի ներսում։
«Երբ եվրոպական միասնությունը դառնում է անշրջելի, ապատեղեկատվությունը հասնում է մինչև այն աստիճանի, որ պարզ անձեռոցիկը դառնում է թմրանյութ։ Ֆրանսիայի թշնամիները տարածում են ապատեղեկատվություն թե՛ արտերկրում, թե՛ ներսում։ Մենք պետք է զգոն լինենք մանիպուլացիաների նկատմամբ», — հայտարարել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմից։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մայիսի 9-ին մեկնել են Կիև: Փաստի կադրերի հրապարակումից հետո ռուսական պետական լրատվամիջոցները և Կրեմլի քարոզիչները թե՛ Ռուսաստանում (օրինակ՝ Մարգարիտա Սիմոնյանը), թե՛ այլ երկրներում սոցիալական ցանցերում գրեցին, որ եվրոպացի առաջնորդները իրենց հետ կոկաին են ունեցել, որը Մակրոնը փորձել է թաքցնել: Այս տեղեկությունը որպես «սկանդալ» տարածել են նաև որոշ վրացական լրատվամիջոցներ, օրինակ՝ իշխանամետ POSTV-ն: