Ծեծի հետևանքով մահացած «Իմեդի»-ի աշխատակցի գործով մեկ անձ է ձերբակալվել

Վրաստանյան իշխանամետ քարոզչական «Իմեդի» հեռուստաընկերության աշխատակից, ծեծի հետևանքով մահացած 24-ամյա Շակո Նաթենաձեի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Նաթենաձեի կյանքը խլած այս միջադեպի հետաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով՝ առողջությանը դիտավորյալ ծանր վնաս հասցնելը։

Նաթենաձեի հարազատները սոցիալական ցանցերում գրել են, որ վերջինս ֆիզիկական հարձակման է ենթարկվել իրենց թաղամասում։ Նաթենաձեն ստացած վնասվածքներից մայիսի 10-ին մահացել է հիվանդանոցում և հուղարկավորվել է մայիսի 13-ին։ Նրան բռնության ենթարկած անձը ձերբակալվել է մայիսի 7-ին։

«Իմեդի» հեռուստաընկերությունը, որի առավոտյան ծրագրի հնչյունային ռեժիսորն էր Նաթենաձեն, լիովին չի լուսաբանել տեղի ունեցած բռնության մասին տեղեկությունը. հուղարկավորության օրը նրանք հայտնել են, որ Նաթենաձեն կլինիկա է ընդունվել գլխի ծանր վնասվածքներով, բժիշկները նրան համապատասխան բժշկական օգնություն են ցուցաբերել, սակայն «նա չի կարողացել հաղթահարել այդ մեծ մարտահրավերը»։

«Անընդունելի և անբարոյական է օգտագործել այս ծայրահեղ դժվարին իրավիճակը քաղաքական օրակարգի կամ «Իմեդի»-ի վրա հարձակվելու պնդմամբ», — այս տեսակետը հնչեցրել է հաղորդավարներից մեկը «Իմեդիի առավոտ» հաղորդման եթերում մայիսի 14-ի առավոտյան, այն բանից հետո, երբ հանրության մի մասը մեղադրել է «Վրացական երազանք»-ի կառավարությանը բացահայտորեն աջակցող հեռուստաընկերությանը` իր աշխատակցի նկատմամբ բռնության փաստը թաքցնելու համար։