Լաշա Գաբիտաշվիլին հայտնել է, որ իրեն զրկել են Վրաստանի քաղաքացիությունից

Եվրոպամետ ցույցերի ակտիվ մասնակից Լաշա Գաբիտաշվիլին հայտարարել է, որ իրեն զրկել են Վրաստանի քաղաքացիությունից։ Նրա տեսաուղերձից պարզ է դառնում, որ պատճառը, ամենայն հավանականությամբ, երկքաղաքացիությունն է, որն ստացել է իսրայելցի կնոջ հետ ամուսնությունից հետո։

Լաշա Գաբիտաշվիլին հանրությանը հայտնի դարձավ Աբու Դաբիում «Վրացական երազանք»-ի անդամների հետ միջադեպից հետո։ Նրա վրա հարձակվել էին Վիկտոր Սանիկիձեն և Իրակլի Զարգուան։

«Ուզում եմ հայտնել «Վրացական երազանքի» որոշման մասին․ նրանք ինձ զրկել են Վրաստանի քաղաքացիությունից, չնայած այն փաստին, որ ծնվել եմ Վրաստանում, մեծացել եմ այստեղ, ամբողջ կյանքում ապրել և աշխատել եմ Վրաստանում։ Արդարադատության տունը որոշում է կայացրել այլևս չերկարաձգել իմ քաղաքացիությունը», – ասել է Լաշա Գաբիտաշվիլին։

Նա նշել է, որ պատրաստվում է իրավական պայքար սկսել քաղաքացիությունը վերականգնելու համար․

«Ես չեմ հրաժարվել Վրաստանի քաղաքացիությունից։ Ընդհակառակը, հայտարարել եմ, որ ցանկանում եմ պահպանել, սակայն, ցավոք, նրանք մերժել են ինձ և զրկել քաղաքացիությունից»։

Նշենք, որ Աբու Դաբիի միջադեպից հետո Վրաստան վերադարձած Լաշա Գաբիտաշվիլիի վրա կրկին հարձակվել էին իր բնակավայրի մոտ։ Հարձակվողներն անհայտ դիմակավորներ են եղել։

«Վրացական երազանք»-ի պատգամավորները Աբու Դաբիում հարձակվել են Վրաստանի քաղաքացու վրա

Լաշա Գաբիտաշվիլիի վրա դիմակավոր անձինք են հարձակվել