ՌԴ-Վրաստան թռիչք իրականացնող ինքնաթիռները նավիգացիոն խնդիրներ ունեն

Ռուսական 100 տեղանոց Sukhoi Superjet 100-ի (SSj-100) օպերատոր ավիաընկերությունները դժգոհում են նավիգացիոն համակարգից, գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով ռուսական «Կոմերրսանտին»:

Ավիաընկերությունները պնդում են՝ ինքնաթիռների նավիգացիոն բազան խափանումներ ունի և թերի տեղեկատվություն է տալիս։

Ի դեպ, ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը, որը մայիսի 19-ից իրականացնում է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը, իր ավիապարկում ունի 18 SSJ-100 ինքնաթիռ։

Բանն այն է, որ 2022 թվականի գարնանից ֆրանսիական օդատիեզերական, ռազմական և ծովային կիրառությունների համար տեղեկատվական համակարգեր արտադրող Thales միջազգային արդյունաբերական խումբը դադարեցրել է Ռուսաստանի համար ծրագրային ապահովման թարմացումը պատժամիջոցների պատճառով: Դրանից հետո՝ ռուսական «Իրկուտ» ավիաշինական կորպորացիան SSj-100-ի արտադրությունում սկսել է օգտագործել Սանկտ Պետերբուրգի Avia-Briefing տեխնոլոգիական ընկերության տվյալների բազան։ Avia-Briefing-ն աշխատում է ավիացիոն տվյալների բազայի մշակման ոլորտում, որը պատժամիջոցներից հետո դարձավ երկրում միակ մատակարարը։

Ուշագրավ է, որ Rossiya Airlines-ը՝ SSJ-100 ինքնաթիռների խոշորագույն օպերատորը, պահանջում է համակարգը փոխարինել այլընտրանքային նավիգացիոն բազայով, որը մշակվել է Ռուսաստանի Դաշնության «Օդային երթևեկության կառավարման պետական ​​կորպորացիայի»՝ ավիացիոն տեղեկատվական կենտրոնի կողմից:

Նշենք, որ Վրաստանի ավիաշուկա մուտք գործածռուսական Red Wings ավիաընկերությունը, որը թռիչքներ է սկսել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա ավիաուղիներով շաբաթական 3 հաճախականությամբ, ևս հաստատել է Rossiya Airlines-ի նշած նավիգացիոն խնդիրը։