ԱՄՆ պետքարտուղարի առաջին արձագանքը Վրաստանի վերաբերյալ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թրամփի վերընտրությունից և նոր վարչակազմի կազմավորումից հետո առաջին հայտարարությունն է արել Վրաստանի վերաբերյալ՝ խոսելով «հակաամերիկյան կառավարության» մասին։

2025 թվականի մայիսի 21-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 18:45-ին, նա ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջև, և Վրաստանի մասին Մարկո Ռուբիոյին հարց է տվել հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը` MEGOBARI Act-ի համահեղինակը։

Կոնգրեսական Ուիլսոնը նախ խոսել է «ընտրությունները կեղծելու», նաև չինական շահերի դիմաց ամերիկյան կողմի հետ կապ ունեցող կազմակերպությունների «քրեականացման», շարունակվող բողոքի ցույցերի մասին և հարցրել է Ռուբիոյին.

«200 օր շարունակ ազատատենչ վրացիները հերոսաբար դուրս են եկել փողոցներ՝ վեր պարզելով ամերիկյան դրոշներ և նախագահի (Թրամփի — հեղ.) լուսանկարները։ Ի՞նչ է արվելու ձեր ղեկավարությամբ, որպեսզի Պետդեպարտամենտը վրաց ժողովրդի անունից պատասխան պահանջի հակաամերիկյան «Վրացական երազանք»-ից»։

Պետքարտուղար Ռուբիոյի պատասխանը հետևյալն է.

«Ես կվերադառնամ ավելի վաղ ասածին՝ Միացյալ Նահանգների (առաջնային) շահերին, մեր ազգային շահերին։ Այսպիսով, մենք այս հարցին նայում ենք այսպես. «Մեր շահերի՞ց է բխում, որ լինի հակաամերիկյան կառավարություն, որն իշխանության է աշխարհի կարևոր մասում։ Եվ եթե` ոչ, ապա մենք կձեռնարկենք համապատասխան միջոցներ, որպեսզի այդ կառավարությունը պատասխանատվություն կրի:

Այս հարցը ներկայումս վերանայվում է, և մենք քննարկում ենք տարբերակներ և լրացուցիչ մեխանիզմներ։ Ես դեռ չեմ կարող հստակ հայտարարել, թե այսօր ինչ ենք պլանավորում։ Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ սա այն հարցն է, որը քննարկվում է։

Սա ևս մեկ անգամ հիանալի օրինակ է այն բանի, թե ինչու ենք մենք դիմելու մեր տարածաշրջանային բյուրոներին և տեղում գտնվող տեղական գրասենյակներին, որպեսզի մեզ առաջարկություններ տան այն մասին, թե գլխավորապես ինչ միջոցառումներ են պետք կառավարությանը՝ հակաամերիկյան կառավարությանը արձագանքելու համար»։

Կոբախիձեի նամակին դեռ պատասխան չի տրվել

Մայիսի 13-ին «Վրացական երազանք» կուսակցության վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել էր ԱՄՆ նախագահ և փոխնախագահ Դոնալդ Թրամփին, նաև Ջեյ Դի Վենսին։ Կոբախիձեի խոսքով, Թրամփի վարչակազմը չի արձագանքել վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ իր մի քանի շաբաթ առաջ գրած նամակին, որում նա «արտահայտել էր հարաբերությունները մաքուր էջից սկսելու պատրաստակամություն»։ Հանրային նամակը նույնպես անպատասխան մնաց։

Կոբախիձեն մայիսի 21-ի առավոտյան ասել է, որ նամակին «պատասխան չի տրվել, չնայած լռությունը նույնպես շատ կարևոր արձագանք է իրենց համար»։ Նա MEGOBARI Act-ի ընդունումը կրկին «թշնամական ակտ» է անվանել։

Կոբախիձեն մայիսի 7-ին հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի ընդունած MEGOBARI Act-ն «այս կոնկրետ դեպքում» Deep State-ի հաղթանակն էր Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ, չնայած «պայքարը շարունակվում է»։

Որ փուլում է MEGOBARI Act-ը. ինչ սպասել Վաշինգտոնից