Վանաձորի պատվիրակությունը՝ Բաթումիի տոնին նվիրված միջոցառումների մասնակից

Վրաստանի Բաթումի քաղաքում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը և Վանաձոր քաղաքի պատվիրակությունը՝ Վանաձորի քաղաքապետի գլխավոր խորհրդական Արման Բերնեցյանի գլխավորությամբ, 2024 թվականի ապրիլի 27-ից 28-ը մասնակցել են Բաթումիի տոնին նվիրված միջոցառումներին, տեղեկանում ենք Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից:

Ըստ տեղեկության՝ տոնակատարության բացման առթիվ կազմակերպված միջոցառմանը Արման Բերնեցյանը Վանաձորի քաղաքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի անունից շնորհավորել է Բաթումիի քաղաքապետին և բաթումեցիներին, ընդգծել քույր քաղաքների միջև 2023 թվականի ընթացքում համատեղ կազմակերպված միջոցառումները, կարևորել Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու դերը։

«Այցի ընթացքում պատվիրակությունը Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցում մասնակցեց պատարագի, այցելեց «Մանթաշյանց» հայկական կրթամշակութային կենտրոն:

Ապրիլի 29-ին պատվիրակությունը հյուրընկալվեց Բաթումիի ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: