Առաջիկա արձակուրդը՝ բողոքի ցույցերից խուսափելու միջոց․ քաղաքագետ

Վրաստանում ոչ աշխատանքային օրերն ավելացնելու և մայիսի 3-13-ն արձակուրդ սահմանելու վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշումը հասարակության շրջանում կասկածների տեղիք է տվել։

Քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում հայտնեց իր տեսակետն այդ որոշման կապակցությամբ` վերջինս որակելով Թբիլիսիում «ռուսական օրենքի» ընդունման դեմ պարբերաբար ընթացող քաղհասարակության բողոքի ցույցերից խուսափելու միջոց․

«Կառավարության նպատակն ու տրամաբանությունը շատ պարզ են. հայտարարելով ոչ աշխատանքային օրեր` ուզում են ավելի շատ ազատ օր տալ քաղաքացիներին, որպեսզի գնան մարզեր, Թբիլիսիից հեռանան, բողոքի ալիքն էլ հետզհետե մարի», — ասաց քաղաքագետը և շարունակեց․

«Սակայն այս տրամաբանությունն ունի մի սխալ. «Վրացական երազանք»-ին թվում է, թե սա կարճատև բողոք է, որը նրանք կարող են հանդարտեցնել, բայց տարբերությունն այն է մինչև այս եղած բողոքի ցույցերի համեմատ, որ սա ոչ միայն այս «ռուսական օրենքի» դեմ ուղղված բողոք է, այլ նաև ռուսական երազանքի և քաղաքականության դեմ է, դրա համար էլ այս բողոքի ալիքը հանգցնել շատ դժվար կլինի իշխող ուժի համար»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանում մայիսի 3-ից մինչև մայիսի 12-ը հայտարարվել են ոչ աշխատանքային օրեր։ Այս որոշումը ստորագրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Կառավարության որոշմամբ՝ վրաց Ուղղափառ եկեղեցու Զատկական տոներին հաջորդող օրերը՝ մայիսի 7-ը, 8-ը և 10-ը, հավելվել են որպես տոնական օրեր։

Հիշեցնենք, նաև, որ Վրաստանի խորհրդարանի մեծամասնությունն ապրիլի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունել է «գործակալների օրենքը» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը»), որին հաջորդել են քաղհասարակության լայնամասշտաբ բողոքի ցույցերը։