«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին». բողոքի ցույց Թբիլիսիում

Վրաստանի խորհրդարանի մոտ ժամը 19:00-ից վերսկսվել է «գործակալների մասին» օրինագծի դեմ գրեթե երկու շաբաթ շարունակվող «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» բողոքի ցույցը: Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։

Բողոքի ցույցին միացել են Ռուսթավելիի հուշարձանի մոտ հավաքված Թբիլիսիի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի ուսանողները։

Ապրիլի 30-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ճեպազրույց են անցկացրել, որում հայտարարել են, որ կառավարությունը հերթական քայլն է անում հակասահմանադրական օրենքի ընդունման համար և լիագումար նիստում քննարկում է «ռուսական օրենքի» երկրորդ ընթերցումը։ Հասարակական կազմակերպությունները հայտարարել են Ռուսթավելիի պողոտայում հերթական հանրահավաքի մասին։

Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։

Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։