Ցուցարարները շղթայել են խորհրդարանը և նստացույց սկսել

Վրաստանի խորհրդարանի մոտ «գործակալների մասին» օրինագծի դեմ «Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին» բողոքի ցույցի մասնակիցները, բոլոր կողմերից շրջապատելով շենքը, փորձում են շղթա կազմել` թույլ չտալու համար խորհրդարանականներին լքել շենքը։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը։

Խաղաղ ցուցարարներն իշխող ուժին անվանում են «ռուսներ» և «ստրուկներ»։ Նրանք նստացույց են սկսել։

Խորհրդարանի մոտ մոբիլիզացվել են ջրցան մեքենա և հատուկջոկատայիններ։

Բողոքի ցույցին միացել են Ռուսթավելիի հուշարձանի մոտ հավաքված Թբիլիսիի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի ուսանողները։

Ի դեպ, խորհրդարանում օրենքի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունն այսօր չի կայանա, լսումները կշարունակվեն վաղը՝ մայիսի 1-ին։ Խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կարող է տևել երկու-երեք օր։

Խորհրդարանի իրավական հանձնաժողովն ապրիլի 29-ին երկրորդ ընթերցմամբ պաշտպանել է օրինագիծը։

«Այո՛ Եվրոպային, ո՛չ ռուսական օրենքին». բողոքի ցույց Թբիլիսիում