Վրաստանում մայիսի 31-ից ուժի մեջ կմտնի քաղհասարակությանը, լրատվամիջոցներին ու ֆիզիկական անձանց սահմափակող նոր օրենքը՝ «վրացական FARA»-ն («Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենք): Մինչ այդ օրենքը կկիրարկի Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոն՝ ի դեմս ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի, որը վերջին օրերին հանդիպումներ է անցկացնում օրենքի թիրախում հայտնված կազմակերպությունների հետ՝ «պարզաբանելու նպատակով օրենքի մանրամասները»:
«Վրացական երազանք»-ը պնդում է, թե FARA-ի իրենց տարբերակն ամերիկյանի պատճենն է, սակայն ուշագրավ է, որ ամերիկյան FARA-ն չի գործում այն կանոններով, որով «Վրացական երազանք»-ի տարբերակն է գործելու: Քաղհասարակությունը պնդում է՝ իրենք չեն գործում Վրաստանի շահերից դուրս, իսկ ահա «Վրացական երազանք»-ը FARA-ի իր տարբերակով քաղքհասարակությանն այդ գնահատականն է տալիս: Ի դեպ, ամերիկյան FARA-ն, բացառությամբ մի քանի դեպքերի, կիրառվում է շատ նեղ շրջանակով և գործնականում չի ազդում հասարակական և լրատվական կազմակերպությունների գործունեության վրա:
Չնայած այն հանգամանքին, որ լրատվամիջոցները և ՀԿ-ները, որոնց դեմ կարող է կիրառվել օրենքը, սա ընկալում են որպես «Վրացական երազանք»-ի բռնաճնշման շարունակություն, Կուպրաշվիլին ասել է, թե «վրացական FARA»-ն կունենա նաև «դրական կողմ»:
Փորձագետներն ասում են՝ «Վրացական երազանք»-ը Կուպրաշվիլիին ու Հակակոռուպցիոն բյուրոյին օգտագործելու են որպես քաղհասարակության դեմ «ոստիկաններ»` նկատի ունենալով այն հանգամանքը, որ ոստիկանությունը բռնաճնշումներով ցրում է խաղաղ ցույցերն ու ծեծի ենթարկում ցուցարարներին. Կուպրաշվիլին ու հակակոռուպցիոնը, ըստ փորձագետների, նմանօրինակ մեխանիզմներով ոչնչացնելու են անկախ ձայներն ու քաղհասարակությունը Վրաստանում:
«Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Գիորգի Թումասյանն «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասաց՝ «Վրացական երազանք»-ի ռեժիմն անցնում է բռնաճնշումների ամենաբարձր՝ վերջին մակարդակին:
Ըստ Թումասյանի` «վրացական FARA»-ն նման է ոչ թե ամերիկյանին, ինչպես պնդում է «Վրացական երազանք»-ը, այլ Ռուսաստանում գործող «Ինոագենտ» (Օտարերկրյա գործակալներ) օրենքի զարգացած տարբերակին, որը վերաբերում է բոլորին:
««Վրացական FARA»-ն կազդի բոլոր այն անձանց վրա, ովքեր կապեր ունեն այլ պետությունների հետ: «Վրացական երազանք»-ն ուզում է վերահսկել այդ մարդկանց ու նրանց անվանել օտարերկրյա գործակալներ. սրանով նրանք երկրում կխեղդեն անկախ ձայները: Ամեն բան կանցնի մեկ անձի՝ Բիձինա Իվանիշվիլիի վերահսկողության տակ, անգամ՝ պետության փողը. նա կվերահսկի ամեն բան, կֆինանսավորի` ինչ ցանկանա, և այդ ամենի այլընտրանքը չի լինի, քանի որ «վրացական FARA»-ի նպատակն է՝ վերացնել ցանկացած այլընտրանք», — ասաց Թումասյանը:
Կուպրաշվիլին օրերս պարզաբանել էր, թե ում է վերաբերում «վրացական FARA»-ն։ Հակակոռուպցիոնի ղեկավարի խոսքով. «Օրենքը կարող է վերաբերել և՛ լրատվամիջոցներին, և՛ ոչ կառավարական կազմակերպություններին, և՛ անհատներին»:
Ի դեպ, այսօր պարզ դարձավ, որ «վրացական FARA»-ի դեմ հայց է ներկայացվել Սահմանադրական դատարան (ՍԴ): «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ի գրասենյակում կայացած մամուլի ասուլիսում GYLA-ի ղեկավար Նոնա Քուրդովանիձեն հայտարարել է, որ օրենքն «անմիջական սպառնալիք է այն կազմակերպությունների և անհատների համար, որոնց գործունեությունը կարող է հայտնվել օրենքի կարգավորման շրջանակում», հետևաբար «կա անհրաժեշտ պայման, որ այս հայցը արագ քննարկվի, և Սահմանադրական դատարանը կասեցնի վիճարկվող նորմերը»։
«Մի կողմից «Վրացական երազանք»-ի շարժառիթը հստակ է՝ տարբեր ձևերով սահմանափակել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, լրատվամիջոցների և ոչ միայն կազմակերպությունների, նաև անհատների գործունեությունը, և սա ծառայում է օրենքի այս նպատակին», — ասել է Քուրդովանիձեն։
«Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի խոսքով, Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Կուպրաշվիլիի՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո հստակ է, որ այդ գերատեսչությունը՝ որպես հաստատություն, ծրագրում է ամբողջությամբ դուրս գալ իրավական շրջանակից և «գործնականում դառնալ քաղաքացիական հասարակության ոստիկանություն»։
Միքելաձեի դիտարկմամբ, թվում է, թե «Վրացական երազանք»-ը վճռականորեն տրամադրված է քրեականացնելու լրագրողի, հետազոտողի, փաստաբանի, արվեստագետի, ռեժիսորի, խմբագրի կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի արտահայտած գրեթե ցանկացած քաղաքական և սոցիալական արտահայտություն, եթե նրանք ստանում են արտաքին ֆինանսավորում։
«Մոտեցումը պարզ է. եթե դուք ստանում եք որևէ արտասահմանյան ֆինանսավորում, արտահայտում եք կարծիք հանրային քաղաքականության վերաբերյալ (ամենալայն իմաստով) և փորձում եք ազդել հասարակության վրա (օրինակ՝ գրելով գրառում, էլեկտրոնային նամակ ուղարկելով երկու կամ ավելի անձանց), ուրեմն՝ դուք գործակալ եք, պետք է խոստովանեք դա ձեր բոլոր հրապարակային ելույթներում և պետք է գրանցվեք «Վրացական երազանք»-ի տվյալների բազայում», — նշել է Միքելաձեն:
Միքելաձեի խոսքով, չնայած Կուպրաշվիլին հանդիպման ընթացքում բազմիցս կրկնել է, որ օրենքը «կկիրառի ամերիկյան պրակտիկային համապատասխան», նրա ասածը բացարձակապես չի տեղավորվում ամերիկյան պրակտիկայում և տրամաբանության մեջ։ Միքելաձեն պնդում է՝ «Վրացական երազանք»-ն օրենքը կօգտագործի որպես զենք խոսքի և միավորումների ազատությունը ոչնչացնելու համար և սպառնում է թիրախային կրակոցներով թիրախավորել հազարավոր քաղաքացիների.
««Վրացական երազանք»-ը տեսնում է, որ դիմադրության ամենամեծ ռեսուրսը քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցներն են՝ իրենց բազմազանությամբ և դիմադրողականությամբ, և այժմ իր առջև նպատակ է դրել իրականացնել տոտալիտար տիպի և զանգվածային վերահսկողություն ու քաղաքացիների քրեականացում։ Ավելին, այսօր լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը ոչնչացնելու նրանց սպառնալիքները թվում են նույնիսկ ավելի վատ, քան Ռուսաստանի և Ադրբեջանի ավտորիտար քաղաքականությունը՝ այնքան արագ և տոտալիտար են։
Մեկ այլ հարց է, թե արդյոք «Վրացական երազանք»-ի ռեժիմը կարող է այս սպառնալիքներն իրականություն դարձնել, և դա ինչ քաղաքական, աշխարհաքաղաքական և սոցիալական գին կունենա նրա համար»:
«Քաղաքացիական հասարակության հիմնադրամ» ՀԿ-ի իրավաբան Սաբա Բրաճվելին Կուպրաշվիլիի պարզաբանումից հետո Facebook-յան գրառմամբ արձագանքել է «վրացական FARA»-ին: Բրաճվելին նշել է՝ եթե քաղաքացին աշխատում է որպես վեբ մշակող կամ հաշվապահ արտասահմանյան կազմակերպությունում և աշխատավարձ է ստանում այնտեղից, բայց նաև Facebook-ում քննադատում է կառավարությանը, նրան կկոչեն գործակալ։
«Այս մարդը (Կուպրաշվիլին — հեղ.) սպառնում է գրանցել գործակալների ռեեստրում կամ հինգ տարվա ազատազրկման դատապարտել ցանկացած մեկին, ով որոշի քննադատել կառավարությանը սոցիալական ցանցերում», — նշել է իրավաբանը:
Օրենքի ընդունման մասին
Ապրիլի 1-ին «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների վերաբերյալ սահմանափակող «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենքը, որը մշակվել է ամերիկյան FARA-ի մոդելով, սակայն, ի տարբերություն իր ամերիկյան համարժեքի, սա ուղղված է անկախ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և լրատվամիջոցների դեմ։
Ավելին, սա միակ օրենքը չէ, որն ընդունել է «Վրացական երազանք» կուսակցությունը` եվրոպամետ հանրահավաքներին զուգահեռ լրատվամիջոցների, քաղաքացիական հասարակության և ցույցերի գործունեությունը սահմանափակելու նպատակով. անկախ կազմակերպությունները այլևս չեն կարող դրամաշնորհներ ստանալ առանց «Վրացական երազանք»-ի կառավարության համաձայնության, իսկ վարչական օրենսգրքի այն հոդվածներով, որոնք առավել հաճախ կիրառվում են հանրահավաքների մասնակիցների դեմ, ավելացվել են տուգանքներն ու վարչական կալանքի ժամկետները։
FARA օրենքի վրացերեն թարգմանությունը և ԱՄՆ-ում գործող FARA-ն տարբեր են. SJC