Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի պահանջներ ունի Ուկրաինայում խաղաղության դիմաց։ Դրանց թվում է ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման դադարեցումը։
Միջազգային Reuters գործակալությունը, հղում անելով տեղեկացված երեք ռուսական աղբյուրների, հայտնել է, որ Պուտինը ցանկանում է` արևմտյան առաջնորդները գրավոր հաստատեն, որ ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնումը կդադարեցվի, ինչը պաշտոնապես կբացառի Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի և այլ նախկին խորհրդային հանրապետությունների անդամակցությունը դաշինքին։
Reuters-ի աղբյուրների համաձայն, Պուտինի պահանջները ներառում են Ուկրաինայի չեզոքությունը, Ռուսաստանի դեմ որոշ պատժամիջոցների վերացումը, սառեցված ակտիվների հարցի լուծումը և Ուկրաինայի ռուսախոս բնակչության պաշտպանությունը։ Գործակալության աղբյուրներից մեկն ասել է՝ Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց ոչ` ցանկացած գնով։
Լրագրողները Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովից մեկնաբանություն են խնդրել Reuters-ի տարածած տեղեկության վերաբերյալ։ Մոսկվայում այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ նա հայտարարել է, որ իրենք մտադիր չեն հրապարակայնորեն քննարկել համաձայնեցված փաստաթղթերի բովանդակությունը։
ՆԱՏՕ-ն 2008 թվականին Բուխարեստի գագաթնաժողովում որոշեց, որ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ, երբ համապատասխանեն չափանիշներին։
Ռուսաստանը վաղուց է դեմ արտահայտվում ՆԱՏՕ-ի արևելյան ընդլայնմանը, որը նա համարում է 2022 թվականի փետրվարին Ուկրաինա լայնածավալ ներխուժման պատճառներից մեկը։
Վրաստանի և Ուկրաինայի սահմանադրություններում ամրագրված է ՆԱՏՕ-ին ինտեգրվելու նպատակը։
«Վրացական երազանք»-ի կառավարությունը, որը չափազանց լարված հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, գործնականում դադարեցրել է հրապարակայնորեն խոսել ՆԱՏՕ-ին անդամակցության մասին։