Ուսանողական դրամաշնորհային մրցույթի գրանցումը սկսվում է այսօր

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) 2026 թվականի ուսանողական դրամաշնորհային (գրանտային) մրցույթի գրանցումը կսկսի մայիսի 28-ին՝ ժամը 10:00-ին: Այս տեղեկություն տարածել է NAEC-ը։

Ուսանողները կարող են էլեկտրոնային եղանակով գրանցվել կենտրոնի պաշտոնական կայքում՝ online.naec.ge հասցեով, մինչև հունիսի 8-ի ժամը 18:00-ն:

«Մրցույթի մասնակիցը պարտավոր է մինչև հունիսի 5-ի ժամը 18:00-ն վճարել դրամաշնորհային մրցույթին մասնակցության վճարը (10 լարի) և մինչև հունիսի 8-ի ժամը 18:00-ն ավարտել գրանցումը»,- հայտնել է NAEC-ը։

Նշենք՝ նախարարի հրամանի համաձայն, ուսանողական դրամաշնորհային մրցույթի շրջանակներում բակալավրիատի ուսանողներին հնարավորություն է տրվում ձեռք բերելու կամ բարելավելու պետական ֆինանսավորումը (գրանտը)։ Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն մինչև 2025 թվականի դեկտեմբերի 17-ը բարձրագույն ուսումնական հաստատությունների հավատարմագրված կրթական ծրագրերում ընդգրկված այն ուսանողները, որոնք չեն ստացել ամբողջական կամ մասնակի պետական ուսումնական դրամաշնորհ։

Եթե ուսանողը մրցույթի արդյունքում չբարելավի իր ֆինանսավորումը, ապա նախկինում ստացած նրա դրամաշնորհը կպահպանվի, և նա կարող է ապագայում նույնպես գրանցվել ու մասնակցել ուսանողական դրամաշնորհային մրցույթներին։