«Բարի գալուստ երկիր, որտեղ ընտրությունները հաղթել է Պուտինը». Պոմպեոն Թբիլիսիում է

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Թբիլիսիում է: Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Դավիթ Բաքրաձեն ու Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը:

«Պարոն պետքարտուղար, բարի գալուստ երկիր, որտեղ ընտրություններին ձայները գողացվել են օլիգարխի կողմից, Պուտինն է հաղթել ընտրությունները, մենք Ձեր աջակցության կարիքն ունենք»,- այսպիսի գրություններով պաստառներ են ներկայացրել ակտիվիստներն Օդանավակայանից քաղաք տանող ճանապարհին:

Այցի շրջանակներում Մայք Պոմպեոն պաշտոնական հանդիպումներ  կունենա նոյեմբերի 18-ին: Պետքարտուղարը կհանդիպի Վրաստանի վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի, ինչպես նաև կաթողիկոս-պատրիարքի ու հանրային սեկտորի ներկայացուցիչների հետ:

Վրաստան կատարած այցից առաջ Պոմպեոն եղել է Թուրքիայում, Վրաստանից հետո կայցելի Իսրայել:

Այցի հետ կապված մեկնաբանություններ են արել բարձր պաշտոնյաները: ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին հատարարել է՝  «Փաստ է, որ Վրաստանը տարածաշրջանում ԱՄՆ-ի ամենաուժեղ դաշնակիցն է: Վրաստանն ԱՄՆ-ի ամենամեծ հենարանն է: Ըստ Զալկալիանիի՝ այս այցը մատնանշում է, թե որքան կարևոր է Վրաստանի հետ ռազմավարական հարաբերություններն ԱՄՆ-ի համար:

«Այս այցի վրա երկար ժամանակ ենք աշխատել, թեև լավ է, որ այն համընկավ այս ժամանակահատվածի հետ, սա շատ կարևոր է երկրի, տարածաշրջանի համար»,- ասել է արտգործնախարարը:

Հատկանշական է նաև, Պոմպեոյի օրակարգի հետ կապված քննադատական հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանում ԱՄՆ նախկին  դեսպան Յան Քելլին։ Նրա խոքով՝ Պոմպեոն  սխալ է թույլ տալիս հանդիպելով միայն կառավարության ներկայացուցիչների հետ:

«Պոմպեոն Վրաստանում է, որն այն երկրներից է, որի ընտրությունների արդյունքները վիճելի են, նա հանդիպում է միայն կառավարության ներկայացուցիչներին, սա սխալ է»,- թվիթերյան իր էջում գրել է Յան Քելլին: