Ղարիբաշվիլին հանդիպել է հունգարացի գործընկերոջը

Պաշտոնական այցով Հունգարիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է հունգարացի գործընկեր Վիկտոր Օրբանին։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Օրբանը Ղարիբաշվիլիին հյուրընկալել է աշխատանքային ընթրիքի պայմաններում։

Հաղորդագրության համաձայն՝ խոսվել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման դրական դինամիկայի և համագործակցության հետագա խորացման մասին։

Բուդապեշտում Ղարիբաշվիլին հանդիպել է նաև Հունգարիայի խորհրդարանի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կովերի հետ։ Նրանք քննարկել են Վրաստանի օկուպացված տարածքներում տիրող իրավիճակը և տարածաշրջանային իրադարձությունները։

Զրույցում անդրադարձ է կատարվել նաև Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական ագրեսիային և այնտեղ ստեղծված իրավիճակին։