«ՌԴ ազդեցությունից պաշտպանելու մասին» օրինագիծը՝ հակակշիռ «գործակալների օրենքին»

Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները՝ որպես իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից կրկին խորհրդարան ներկայացրած «ռուսական օրենքի» հակակշիռ, գրանցել են «Օկուպանտ պետության՝ Ռուսաստանի Դաշնության ազդեցությունից պաշտպանվելու մասին» օրենքի նախագիծը։ Տեղեկացնում է ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերությունը:

Օրինագծի նախաձեռնողները անկախ պատգամավոր Թեոնա Աքուբարդիան և նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր Գիրոգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցության անդամներ Անա Բուչուկուրին և Բեքա Լիլուաշվիլին են։

Օրենքի նախագծի համաձայն, քրեական հետապնդում կհարուցվի բոլոր այն կազմակերպությունների կամ անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն փոխել Վրաստանի արտաքին քաղաքականությունը կամ միջամտել երկրի ներքին քաղաքականությանը՝ ելնելով Ռուսաստանի շահերից։ Ընդդիմադիրների այս նախաձեռնությունը «Վրացական երազանք»-ում անվանել են «երեսպաշտություն» ու «սպեկուլյացիա»։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Վրաստանի խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի նախաձեռնությունը, չնայած այն բանին, որ նրանք 2023-ին հայտարարել էին, որ այս օրինագիծն այլևս չի քննարկվի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ 

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ 

Վրաստանի մյուս միջազգային գործընկերները՝ ԵՄ-նՆԱՏՕ-ն և մյուսներն արձագանքել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ օրակարգ վերադարձրած «գործակալների մասին» օրինագծին:

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի է ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները: