Խորհրդարանում գրանցվել է «գործակալների օրենքը»

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը խորհրդարանում արդեն գրանցել է «նոր նախաձեռնություն», որը կոչվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծ։ Դեռ հայտնի չէ, թե երբ կսկսվեն հանձնաժողովի քննարկումները։

Օրենքի նախագծի պարզաբանման մեջ կարդում ենք, որ օրինագծի նպատակն է՝ ապահովել «օտարերկրյա ազդեցության թափանցիկությունը»:

«Անհրաժեշտ է ընդունել այնպիսի օրենսդրական ակտ, որը կսահմանի օտարերկրյա տերության շահերն իրականացնող կազմակերպության հայեցակարգը և կկանոնակարգի համապատասխան սուբյեկտների գրանցումը՝ որպես արտաքին ուժի շահերն իրականացնող կազմակերպություն և նրանց գործունեության թափանցիկության հետ կապված այլ հարցեր»,- նշված է բացատրական քարտում:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ապրիլի 3-ին հայտարարեց, որ մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: 

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն աջակցում է իր քաղաքական թիմի՝ «Վրացական երազանքի» նախաձեռնությունը` կրկին և այս անգամ վերջնականապես ընդունել «գործակալների օրենքը»: Վարչապետը հայտարարել է, որ «ժամանակն է՝ հասարակական կազմակերպությունները և նրանց դոնորները եվրոպականացվեն»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «գործակալների օրենքը» անվանել է «ռուսական օրենք»՝ ի հեճուկս իշխող թիմի պնդումների, և մեղադրել «Վրացական երազանքի» կառավարությանը ռուսական ուղղությանը հետևելու համար։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։

Ընդդիմությունը, երկրի քաղհասարակությունն արդեն մոբիլիզացիա են հայտարարել ընդդեմ օրինագծի շրջանառության։ 

Իշխանությունը, «ռուսական օրենքը» օրակարգ վերադարձնելով, հավանաբար, փորձում է ընտրություններից առաջ հնարավորինս լարել իրավիճակը երկրում` խառնաշփոթից օգուտ քաղելու նպատակով. սրանով իսկ սաբոտաժի են ենթարկում Վրաստանի եվրոպական ուղին, կարծում են վրացի փորձագետները:

Նախընտրական բևեռացում ու եվրոպական ուղու սաբոտաժ. «ռուսական օրենքի» հետևանքերը