ՀակաԼԳԲՏ օրինագիծը խորհրդարանում է

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության 83 պատգամավորների անունից Վրաստանի խորհրդարանում գրանցվել է ԼԳԲՏ իրավունքները սահմանափակող սահմանադրական փոփոխությունների նախագիծը։

Խորհրդարանում այս հարցով բանախոսներ կլինեն «Վրացական երազանքի» պատգամավորներ Մամուկա Մդինարաձեն, Գիորգի Վոլսկին, Անրի Օխանաշվիլին, Ռատի Իոնաթամիշվիլին և Գիվի Միկանաձեն։ Փաստաթուղթը ստորագրել են «Վրացական երազանք» և 2022-ին նրանց շարքերը լքած հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» կուսակցությունների խորհրդարանական մեծամասնության բոլոր ներկայացուցիչները, այդ թվում՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Չնայած այն հանգամանքին, որ Սահմանադրության փոփոխությունների դեպքում ԼԳԲՏ անձանց իրավունքները զգալիորեն կսահմանափակվեն, օրինագիծը նախաձեռնած 83 պատգամավորները նշում են, որ «սահմանադրական օրենքի նախագիծը չի հակասում Եվրամիության օրենքին»։

Սահմանադրական փոփոխությունների հետ մեկտեղ, իշխող կուսակցությունը նախաձեռնել է «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը։

Ընդգծենք՝ Վրաստանի Սահմանադրության համաձայն, բոլոր մարդիկ հավասար են, և չի կարելի մարդուն հետապնդել նրա կարծիքի և արտահայտվելու պատճառով։

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն խոսել է սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, որն ընդունվելու դեպքում կսահմանափակվի ԼԳԲՏ անձանց իրավունքները՝ քարոզչության արգելքի հիման վրա։ Մդինարաձեի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը ներառում է հետևյալ կետերը․

  • Ամուսնացած ընտանիքը (կին և տղամարդ) կամ հետերոսեքսուալ անձը կարող է անչափահաս երեխա որդեգրել:
  • Սեռափոխության հետ կապված ցանկացած բժշկական միջամտություն արգելվում է.
  • Արգելվում են հավաքները և ծրագրերի կամ նյութերի տարածումը, որոնք «խթանում են» միասեռականությունը կամ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը արձագանքել է Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը։ Ըստ Միատովիչի՝ Սահմանադրությունը փոխելու Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը «նախընտրական մանիպուլյացիա է ԼԳԲՏ ֆոբիայով»։

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է՝ Վրաստանի կառավարությունը պատրաստ է ներգրավվել օրենքի նախագծի նախապատրաստման գործընթացում, որի նպատակը, ըստ իշխող կուսակցության՝ «հասարակության պաշտպանությունն է»։