Վրաստանում ԼԳԲՏ ֆոբիան նախընտրական մանիպուլյացիա է. ԵԽ հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունիա Միատովիչը արձագանքել է Վրաստանում ԼԳԲՏ անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությանը։

Ըստ Միատովիչի՝ Սահմանադրությունը փոխելու Վրաստանի իշխող կուսակցության նախաձեռնությունը «նախընտրական մանիպուլյացիա է ԼԳԲՏ ֆոբիայով»։ Եվրախորհրդի հանձնակատարի կարծիքով, նման նախաձեռնությունը չպետք է տեղի ունենա ժողովրդավարական հասարակությունում, որը հիմնված է օրենքի գերակայության և մարդու իրավունքների հարգման վրա։

«Կոչ եմ անում Վրաստանի իշխանություններին՝ որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի, լիովին հարգել մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները, ներառյալ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը և քաղաքացիական գործունեության համար բարենպաստ միջավայրի ապահովումը և մարդու իրավունքները։

Կոչ եմ անում վրացի բոլոր քաղաքական գործիչներին խստորեն դատապարտել ԼԳԲՏ ֆոբիայի կամ այլ խտրական հռետորաբանության կիրառումը նախընտրական քարոզարշավում»,- ասել է Միատովիչը:

Միատովիչի խոսքով, «Վրացական երազանքի» նախաձեռնությունն արտացոլում է ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ վնասակար կարծրատիպերն ու նախապաշարմունքները, որոնք դեռ գերակշռում են վրաց հասարակության մի հատվածում, այդ թվում՝ որոշ քաղաքական գործիչների. «Այս նախաձեռնությունը կարող է մեծ բացասական ազդեցություն ունենալ ԼԳԲՏ անձանց իրավունքների, անվտանգության և բարեկեցության վրա»:

Հանձնակատարի խոսքով, ԼԳԲՏ անձինք դեռևս ատելության, հանցագործությունների և համատարած խտրականության թիրախ են Վրաստանում. «Ես բազմիցս կոչ եմ արել վրացական իշխանություններին իրականացնել զրոյական հանդուրժողականության քաղաքականություն ԼԳԲՏ անձանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի և բռնության հրահրման դեմ: Վերջին ամիսներին հետևում էի որոշ քաղաքական գործիչների կողմից կիրառվող խարանիչ հռետորաբանության աճին, որը խաթարում է Վրաստանում իրավապաշտպանների և քաղաքացիական հասարակության աշխատանքը»:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ղեկավար Մամուկա Մդինարաձեն խոսել է սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, որն ընդունվելու դեպքում կսահմանափակվի ԼԳԲՏ անձանց իրավունքները՝ քարոզչության արգելքի հիման վրա։ Մդինարաձեի ներկայացրած «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի նախագիծը ներառում է հետևյալ կետերը․

  • Ամուսնացած ընտանիքը (կին և տղամարդ) կամ հետերոսեքսուալ անձը կարող է անչափահաս երեխա որդեգրել:
  • Սեռափոխության հետ կապված ցանկացած բժշկական միջամտություն արգելվում է.
  • Արգելվում են հավաքները և ծրագրերի կամ նյութերի տարածումը, որոնք «խթանում են» միասեռականությունը կամ սեռափոխության հետ կապված բժշկական միջամտությունները։