Վրաստանի Ազգային բանկը կթողարկի Եվրո 2024-ի հուշադրամ

Վրաստանի Ազգային բանկը կթողարկի Եվրո 2024-ի հուշադրամ՝ ի պատիվ Եվրոպայի առաջնության մասնակից Վրաստանի հավաքականի։

Հայտարարվել է, որ նախագծման վրա Ազգային բանկը աշխատելու է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ։

Սրանք Ազգային բանկի առաջին սպորտային հուշադրամները չեն։ 2022 թվականին Վրաստանում Եվրոբասկետբոլի կապակցությամբ Ազգային բանկը թողարկել է 5 լարի անվանական արժեքով արծաթե հուշադրամ։

Նշենք, որ Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ հանդես կգա Եվրոպայի առաջնությունում։ Եվրո 2024-ի որակավորման եզրափակիչ խաղում Վրաստանը հաղթեց Հունաստանի հավաքականին։ Վրաստանի հավաքականը Դորտմունդում ընթացող Եվրոպայի առաջնությունում առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 18-ին` մրցակցելով Թուրքիայի հավաքականի հետ։