Երեկվա օրը համառոտ. ապրիլի 3

04Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարում է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն իր որոշմամբ սաբոտաժ է անում երկրի եվրաինտեգրման ճանապարհը։

«Ազատության համար» ուսանողական շարժումն արձագանքում է իշխող «ռուսական օրենքը» կրկին շրջանառության մեջ դնելու՝ «Վրացական երազանք»-ի որոշմանը՝ վստահեցնելով, որ ի պատասխան այսօրվանից սկսում են լիարժեք մոբիլիզացիան։

Վերոնշյալ թեմայի շուրջ «Ալիք Մեդիա»-ի ծավալուն հոդվածը՝ այս հղմամբ:

Խորհրդարանում գենդերային քվոտաների վերացման մասին օրինագծի քննարկման ժամանակ «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Բեքա Օդիշարիան սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել դահլիճում ներկա ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին։ Օդիշարիան նրանց բնութագրել է որպես «չբավարարված կանայք»՝ օգտագործելով փողոցային անընդունելի արտահայտություն։

2024 թվականի մարտին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում գնաճը կազմել է 0,01 տոկոս, իսկ տարեկան գնաճը՝ 0,5 տոկոս։

Հեղինակավոր Forbes ամսագրի հրապարակած 2024 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի համաձայն, Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ, նախկին վարչապետ և կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին զբաղեցրել է 624-րդ տեղը։

Ապրիլի 3-ի ժամը 10:00-ից ուսուցիչների առարկայական քննությանը պրակտիկոս (գործող) ուսուցչի կարգավիճակով գրանցվելու իրավունք ունեն միայն ոչ վրացալեզու դպրոցների հայերենի և ադրբեջաներենի պրակտիկոս ուսուցչի (գործող) կարգավիճակ ունեցող ուսուցիչները: