Երեկվա օրը համառոտ. մարտի 25

Մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը: Կոբախիձեին Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրում պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Երկու երկրների վարչապետները դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, որից հետո համատեղ մամուլի ասուլիսում հայտարարությամբ են հանդես եկել:

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացը կպահպանի դրական դինամիկան և ի վերջո կպսակվի պատշաճ համաձայնագրով: Վրաստանի վարչապետն ասել է՝ Վրաստանը պատրաստ է իր դրական դերը խաղալ  տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործընթացներում։

Երկու երկրների վարչապետները կարևորել են Վրաստանի և Հայաստանի միջև ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը, ըստ նրանց՝ երկու երկրների համագործակցությունը տեղափոխել է որակապես այլ մակարդակ: Նրանք նաև կարևորել են Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղ գոյակցությունը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանի Հանրապետությունը սատարել և սատարում է Վրաստանի եվրաինտեգրմանը: ՀՀ վարչապետը կարևորել է 2023 թվականին Վրաստանի՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալը, և բարձր է գնահատել այս փաստը, քանի որ, ըստ Հայաստանի վարչապետի՝ սա շատ կարևոր իրադարձություն է: Փաշինյանի խոսքով, այն ազդում է ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև երկու երկրների երկկողմ հարաբերությունների վրա:

Կոբախիձեն հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հանդիպման ընթացքում ընդգծվել են տարբեր ոլորտներում երկու երկրների արդյունավետ համագործակցությունը և երկարաժամկետ բարիդրացիական հարաբերությունները։ Հանդիպմանը ուշադրություն է դարձվել տարածաշրջանում ընթացող գործընթացներին։

Վրաստանի և Հայաստանի վարչապետները մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության նոր շենքի բացման արարողությանը: Երկու երկրների ղեկավարները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմով: Կոբախիձեի այցը Հայաստան ավարտվել է մարտի 25-ի երեկոյան:

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը պաշտոնապես հայտարարել է, որ նախաձեռնում է սահմանադրության փոփոխություններ՝ ընդդեմ ԼԳԲՏ քարոզչության, ինչը «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության երաշխիքներ» կտա։

Մեր ընտրությունը Եվրամիությանը Վրաստանի անդամակցումն է, ինչն իշխող կուսակցությունն արգելակում է և անհնար է դարձնում վրաց ժողովրդի այս պատմական նկրտումների իրականացումը սեփական որոշումներով:

Վերաքննիչ դատարանի դատավոր, Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամ Լևան Մուրուսիձեի տեղեկություններով՝ դատավորների XXXII համաժողովում, Արդարադատության բարձրագույն խորհրդի (ԲԴԽ) անդամներ են ընտրվել Վասիլ Մշվենիերաձեն և Լևան Թևզաձեն, իսկ Նիկոլոզ Մարսագիշվիլին ընտրվել է քարտուղարի պաշտոնում: