Տարածաշրջանային գործընթացները Կոբախիձե-Փաշինյան հանդիպման օրակարգում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Վրաստանի կառավարության փոխանցմամբ` կողմերը խոսել են Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև առկա բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների մասին։

Նշվել է, որ երկու երկրներին կապում է ակտիվ համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով, այդ թվում՝ առևտրի, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտներում։

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու համար և հաստատել Վրաստանի աջակցությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։

Ուշադրություն է դարձվել տարածաշրջանային գործընթացներին։ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը վճռականորեն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ գոյակցությանը և պատրաստ է դրական դեր խաղալ ապագայում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։

Կողմերը հույս են հայտնել, որ երկու երկրների ռազմավարական գործընկերությունը կնպաստի տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանը և շոշափելի օգուտներ կբերի երկու երկրներին։

Դեմ առ դեմ հանդիպումից հետո բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով, որին մասնակցել են երկու երկրների կառավարությունների անդամները։

Կոբախիձեն Փաշինյանին հրավիրել է Վրաստան։

Հանդիպել են Վրաստանի և Հայաստանի վարչապետերը