Վրաստանի և Հայաստանի միջև անցկացվել է քաղաքական խորհրդակցություն

Վրաստանի և Հայաստանի միջև դեկտեմբերի 25-ին տեղի է ունեցել քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը: Քննարկումներին վրացական կողմից մասնակցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան, իսկ հայկական կողմից՝ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ԱԳ նախարարությունը:

Կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նշվել է, որ մի շարք հարցերում համագործակցությունը դինամիկ և դրական է զարգանում:

Վրաստանի արտգործնախարարի տեղակալ Լաշա Դարսալիան հույս է հայտնել, որ այս միտումը կշարունակվի նաև ապագայում, և Հայաստանի Հանրապետությունում անցկացված ժողովրդավարական ընտրությունները նոր լիցք կհաղորդեն երկու երկրների հարաբերություններում: Նախարարը հայ գործընկերոջը տեղեկացրել է Վրաստանում ընթացիկ և պլանավորված բարեփոխումների մասին: Վրացական կողմը պատրաստակամություն է հայտնել կիսել այն փորձը, որը կուտակվել է բարեփոխումների գործընթացում: