Քոբուլեթիում ավարտվել է ափամերձ գոտու և բուլվարի վերականգնման ծրագիրը

Վրաստանի ծովային հանգստի գոտի համարվող Քոբուլեթի քաղաքում ավարտվել է ափամերձ գոտու և բուլվարի վերականգնման ծրագիրը, հայտնում է Քոբուլեթիի քաղաքապետարանը։

Երեկ տեղի է ունեցել բուլվարի վերանորոգված հատվածի հանդիսավոր բացումը։

8 միլիոն 100 հազար լարի (մոտ 3 միլիոն դոլար) արժողությամբ աշխատանքն իրականացվել է կառավարության «Նորացված մարզեր» ծրագրի շրջանակներում։ Շինարարությունը տևել է գրեթե մեկ տարի։

Նոր բուլվարը ձգվում է մեկ կիլոմետր ափի երկայնքով, իսկ հին բուլվարին միանում է հետիոտնային կամրջով։

Այստեղ կառուցվել են հեծանվահրապարակ, հանգստի և կոմերցիոն գործունեության համար նախատեսված տարածքներ։ Մանկական ժամանցի գոտիներում զվարճանքի համար նախատեսված կետերն են ավելացել, իսկ սպորտային գոտում՝ վոլեյբոլի դաշտերը։