Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցում օծվեց խաղաղարարներին նվիրված խաչքարը․ լուսանկարներ

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաղաղարարներին նվիրված խաչքարի օծումը։ Խաչքարի բացման արարողությունը կատարվեց հուլիսի 24-ին, ներդաշնակվելով Քրիստոսի Պայծառակերպության տոնին։

Տեղեկության համաձայն՝ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի ունեցավ նորահիմն խաչքարի՝ Սրբալույս մյուռոնով օծման արարողություն։

Վիրահայոց թեմի փոխանցմամբ՝ խաչքարը նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցուն, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում  արժանավոր հայորդիների տապանաքարերն են:

Նշենք, որ խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն,  բարեկամություն խորհրդանշող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:

Լուսանկարները՝ Վիրահայոց թեմի