Քաղաքացիական նախաձեռնության հավաքած գեներատորներն ուղարկվել են Ուկրաինա

Վրաստանում «Գաուզիարե սինաթլե» («Կիսիր լույսը») քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում հավաքված գեներատորները, որոնց մեծ մասի հզորությունը փոքր է, ուղարկվել են Ուկրաինա։

Ըստ կազմակերպիչների՝ ուղարկված 311 գեներատորները վերջնական նպատակակետ կհասնեն առաջիկա երկու օրվա ընթացքում։

Գեներատորները կտեղադրվեն ջրի պոմպակայաններում, բժշկական կենտրոններում, դպրոցներում, զինվորական հոսպիտալներում, մանկապարտեզներում և այլ վայրերում։

Ի դեպ, Վրաստանի կառավարությունն Ուկրաինա է ուղարկել նաև մեծ հզորությամբ 25 գեներատոր, սակայն Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատարը մինչ այդ ասել էր, որ իրենք մեկ ամիս առաջ նման խնդրանքով դիմել են Վրաստանին, բայց պատասխան չեն ստացել։