«Գործակալների մասին» օրենքը վերադառնում է

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին մտադիր է ընդունել «գործակալների մասին» օրենքը, որը հայտնի է նաև «ռուսական օրենք» անվամբ: Կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն «Վրացական երազանքի» կենտրոնական գրասենյակում ապրիլի 2-ին կայացած մեծամասնության նիստում ընդունված որոշումը հանրությանը ներկայացրել է այսօր՝ ապրիլի 3-ին:

Մդինարաձեն նշել է՝ «նոր օրինագծի տեքստը նման կլինի նախկինին, իսկ արտաքին ազդեցության գործակալ» տերմինը կփոխարինվի «օտարերկրյա տերության շահերը սպասարկող կազմակերպություն» բառով։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշել է կրկին խորհրդարան ներկայացնել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Օրենքի նախագիծը, Վրաստանի օրենքի նախագիծը խորհրդարանում կսկսվի ճիշտ նույն տեքստով, ինչ նախաձեռնվել էր անցյալ տարի։

Մեկ հայտարարություն․ մեր նախաձեռնած օրենքում «արտաքին ազդեցության գործակալ» եզրույթի փոխարեն կօգտագործվի «օտար տերության շահերը սպասարկող կազմակերպություն» տերմինը։ Օրենքի նախագծի մնացած բոլոր նշումներն անփոփոխ են»,- ասել է Մդինարաձեն։

Ընդգծենք՝ 2023 թվականի մարտին «Վրացական երազանքը» չկարողացավ ընդունել «Օտարերկրյա գործակալների» օրենքը։

Խորհրդարանը 2023 թվականի մարտի 7-ին, չնայած վրացական հասարակության և ընդդիմության տարբեր ոլորտների ներկայացուցիչների բողոքներին և կոչերին՝ մերժել «ռուսական օրենքը», առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին: Մարտի 7-9-ին ծավալված բազմահազարանոց բողոքի ցույցերի ընթացքում տասնյակ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Հասարակական բողոքի և միջազգային քննադատության ֆոնին մարտի 9-ին «Վրացական երազանքի» խորհրդարանական մեծամասնությունը որոշեց հետ կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը, որն արդեն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։ Կանոնակարգի համաձայն՝ մարտի 10-ին հատուկ նշանակված լիագումար նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ տապալեց այն:

Ի դեպ, «Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ էր ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»: Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։ Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: Աղմկահարույց օրինագծերը տապալվեցին և խորհրդարանից հետ կանչվեցին հասարակության կողմից բարձրացրած աղմուկի և բազմահազարանոց ակցիաների ֆոնին: