Երեկվա օրը համառոտ. փետրվարի 6

Ռուսաստանի պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի կարծիքով, իրավիճակը Վրաստանի սահմաններին կարող է վատթարանալ, եթե Վրաստանի կառավարությունը տեղի տա իր վրա գոյություն ունեցող ճնշումներին:

Սամցխե-Ջավախեթիի Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս անգամ հանդիպումներ են անցկացվել Փոքր Խանչալի, Կաթնատու և Մեծ Խանչալի գյուղերում:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ վառելիք ներկրող ընկերությունները Վրաստանում աշխատում են բարձր շահույթով, ինչը պետք է կարգավորել։ Ղարիբաշվիլին կառավարության նիստում հայտնել է, որ Անակլիա նավահանգստի շինարարությունը կսկսվի այս տարի։ Ղարիբաշվիլիի խոսքով՝ կառավարությունը նախատեսում է քաղաքաշինության վերականգնման ծրագիր սկսել երկրի տասը քաղաքներում, ինչը նշանակում է խոշոր քաղաքների ամբողջական վերանորոգում։

Վրաստանում 2-3 շաբաթից, հավանաբար, կգերիշխի կորոնավիրուսի նոր «Կրակեն» ենթատեսակը, հայտարարել է ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովը։

Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ուկրաինան չկարողանա հաղթել Ռուսաստանին, ապա Վրաստանը կարող է մոռանալ Աբխազիան և Հարավային Օսիան երբևէ վերադարձնելու մասին։

Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանը կմեկնարկի փետրվարի 7-ին՝ լիագումար նիստով։

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2017 թվականից մինչև 2022 թվականը՝ 5 տարում անդառնալիորեն նվազել է նորածինների թիվը։

2023 թվականի սկզբի տվյալներով Վրաստանի բանտերը 81,9 տոկոսով լեցուն են դատապարտյալներով, քրեակատարողական հիմնարկներում այսօր պահվում է 9 հազար 542 կալանավոր:

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի վիճակի վերաբերյալ։