Թուրքիայում երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացի է զոհվել, փոխանցում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ)։

ԱԳՆ-ի հաղորդագրության համաձայն՝ դեսպանատունը կապի մեջ է մահացածի ընտանիքի, ինչպես նաև Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների հետ։

«Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը հաղորդում է ստացել երկրաշարժի հետևանքով Վրաստանի ևս մեկ քաղաքացու մահվան մասին։ Վրաստանի քաղաքացի Օ.Ց.-ն զոհվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքում։

Վրաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչություններն աշխատում են 24 ժամ՝ Թուրքիայում գտնվող Վրաստանի քաղաքացիների մասին տեղեկատվություն ստանալու և նրանց օգնելու համար», — նշում է Վրաստանի ԱԳՆ-ն։

Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մինչ այժմ հաղորդվում էր միայն Վրաստանի մեկ քաղաքացու մահվան մասին։

Այսօր՝ փետրվարի 6-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի հարավ-արևելքում, որը եղել է 7,7 մագնիտուդ ուժգնությամբ։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ տուժել է 10 քաղաք, այդ թվում՝ Գազիանթեփը, Մալաթիան, Ադանան և Դիարբեքիրը։

Թուրքիայում և Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 2 300-ի։ Պաշտոնյաների վարկածով, զոհերի թիվը հետագայում կավելանա՝ մարդկանց փլատակների տակից դուրս բերելու ակտիվ փրկարարական աշխատանքների ֆոնին: Թուրքիան հայտնում է առնվազն 1 500 զոհի մասին, ևս 800-ը զոհվել է Սիրիայում:

Վրաստանի ՆԳՆ տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի պատճառով փրկարարները Վրաստանից Թուրքիա են մեկնել՝ փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար, ուղարկվել է նաև համապատասխան տեխնիկա։

Հիշեցնենք. Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին արձագանքել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին և իրենց ցավակցությունը հայտնել թուրք ժողովրդին և երկրի նախագահին։