Երեկվա օրը համառոտ. հոկտեմբերի 11

Վրաստանի ընդդիմադիր «Լելո» կուսակցությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով Ռուսաստանից ժամանող քաղաքացիների համար մուտքի արտոնագիր է պահանջվելու։

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հայտնել է, որ վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետում կանգնեցվել է Հայաստանի Հանրապետությունից եկող ձկնկիթով բեռնված ավտոմեքենա:

2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը արձանագրվել է ավտոբուսների համար նախատեսված երթևեկության գոտում՝ («Ավտոբուսային գոտի», BUS գծանշմամբ տարածքներ) թեթև ավտոմեքենայով երթևեկության և ապօրինի կայանման 5 658 խախտում:

Վրաստանի և Ռումինիայի նախագահները ստորագրել են Վրաստանի և Ռումինիայի միջև ռազմավարական համագործակցության հաստատման մասին հռչակագիրը։

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանսը Ռումինիայում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսում ասել է, թե ամենակարևորն այն է, որ Վրաստանում քաղաքական դաշտը լրջորեն ընդունի Եվրահանձնաժողովի առաջարկությունները։

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացել է զբոսաշրջության ոլորտում Վրաստան-Թուրքիա համագործակցության երկկողմ աշխատանքային խմբի առաջին հանդիպումը։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Շվեյցարիայի ազգային խորհրդի նախագահ Իրեն Քելինի հետ:

Մուխրովանիում, մայոր Գելա Չեդիայի անվան հատուկ ուսումնական կենտրոնում բացվել է «Կովկասյան արծիվ 2022» եռակողմ դաշտային մարտավարական վարժանքը՝ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի հատուկ գործողությունների ուժերի միջև:

Շտապօգնության բժիշկները Վրաստանում կվերապատրաստվեն կենսաբանական և ճառագայթային պատահարներ բուժելու նպատակով:

Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական ​​համալսարանի (ԹՊՀ) գիտխորհրդի որոշման համաձայն՝ հոկտեմբերի 20-ին տեղի կունենա ԹՊՀ ռեկտորի պաշտոնակատարի ընտրություն։

Եվ վերջում՝ Վրաստանում մինչև հոկտեմբերի 15-ը սպասվում է հիմնականում անձրևային եղանակ: